Կենտրոնական բանկը ցանկանում է կարգավորել արագ վարկերի տրամադրման գործընթացը
ՀՀ կենտրոնական բանկը արագ վարկերի տրամադրման գործընթացը կարգավորելու մտադրություն ունի: Այս մասին նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:
«Շուկան առաջարկում է տարբեր ծառայություններ, և արագ վարկերը պահանջված են: Հաճախ մենք տեսնում ենք՝ այդ գայթակղությունը, որ կարելի է շատ արագ վարկ ստանալ, դառնում է բեռ, այսինքն՝ սպառողը չմտածված է վարկ վերցնում: Այս ուղղությամբ հենց ուզում ենք եկամտի նկատմամբ նորմ դնել, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները նախ գնահատեն եկամտի վրա բեռի տեսանկյունից, թե ինչքան է մարդու բեռը շատանում, և կարողանան սահմանափակել մարդկանց գերծանրաբեռնվածությունը վարկերով»,- ասաց Մկրտչյանը: