Տնտեսության աճը մնաց անփոփոխ. Վիճակագրական կոմիտեն ցուցանշներ է հրապարակել

Հոկտեմբերին տնտեսական զարգացումները Հայաստանում ակնհայտորեն այնքան էլ բարեհաջող չեն եղել, առնվազն սեպտեմբերի համեմատ։ Նախորդ ամսվա նկատմամբ նույնիսկ անկում է գրանցվել։ Տնտեսական ակտիվությունը 4,7 տոկոսով ցածր է եղել, քան սեպտեմբերին։

Նվազել է ներքին առևտրի շրջանառությունը։ Եվ, որ շատ ավելի կարևոր է, անկում է գրանցվել արտահանման ոլորտում։ Հոկտեմբերին Հայաստանից ավելի քիչ ապրանք է մատակարարվել արտաքին շուկաներ, քան սեպտեմբերին։

Դանդաղել է արտահանման աճի տարեկան տեմպը։ Հիմա արդեն այն 7,2 տոկոս է։ Մինչդեռ` 9 ամիսների արդյունքում հասել էր 7,9 տոկոսի։ Ու, չնայած դրան, 2020թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հանդես գալով Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում` Նիկոլ Փաշինյանը 10 ամիսների արդյունքում արտահանման ոչ թե՝ 7,2, այլ՝ 7,9 տոկոս աճի մասին էր խոսում։

«Շատ կարևոր է արտահանման ծավալների ցուցանիշը, որովհետև այս տարի արդեն 10 ամսվա տվյալով՝ մենք ունենք 7,9 տոկոս արտահանման աճ, ընդ որում, տարվա սկզբին մենք խնդիրներ ունեինք արտահանման առումով: Մենք մինչև 3 տոկոսով կրճատում ունեինք և այն ժամանակ վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք, հիմա էլ վստահ ենք»: Այս հայտարարությունից գրեթե մեկ ամիս հետո պարզվեց, որ արտահանման աճի տեմպը 0,7 տոկոսային կետով ցածր է, քան վարչապետն էր ասում։

Հոկտեմբերին արտահանման տեմպը շատ չի տարբերվել նաև նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից։ Այն ավելացել է ընդամենը 1,3 տոկոսով։

Եվ, որ ավելի վատ է, դա ուղեկցվել է ներկրումների շատ ավելի բարձր ակտիվությամբ։ Հոկտեմբերին ներմուծման ծավալները նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են գրեթե 16 տոկոսով։ Թերևս դա է պատճառը, որ տարեսկզբի 10 ամիսների տվյալներով՝ այն այլևս շատ չի զիջում արտահանմանը։ Տարբերությունն ընդամենը 1 տոկոսային կետ է։ Մեկ ամիս առաջ արտահանման աճը 3,2 տոկոսային կետով էր գերազանցում ներմուծմանը։

Անցած ամիս զարգացումները նպաստավոր չեն եղել նաև էներգետիկայում։ Տնտեսության այդ ճյուղում անկումը շարունակել է պահպանվել։ Ընդ որում, ոչ միայն նախորդ ամսվա, այլև նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Հրապարակված տվյալներով՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 10 ամսում նվազել են 3,7 տոկոսով։ Ու դրան նպաստել է հատկապես արտահանման անկումը։ Այս տարի Հայաստանից անհամեմատ ավելի քիչ էլեկտրաէներգիա է մատակարարվել հարևան Իրան։ Մինչ կառավարությունը խոսում է Իրանի հետ իրականացվող «Գազի դիմաց՝ էլեկտրաէներգիա»  ծրագրի հետագա ընդլայնման մասին` առայժմ հակառակ պրոցեսն է տեղի ունենում։

Հոկտեմբերին արձանագրված զարգացումներից հետո տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը Հայաստանում մնացել է անփոփոխ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալներով, 10 ամսում այն կազմել է 7,1 տոկոս։ Ճիշտ այնքան, որքան 9 ամիսների ցուցանիշներն էր։

Հատկանշական է, որ այս անգամ ցուցանիշներում ներառված չէ գյուղատնտեսությունը։ Ու դրանով հանդերձ, տնտեսական ակտիվությունը շարունակել է մնալ նույնը։ Նույնիսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գրանցված բավական բարձր աճը չի նպաստել տարեկան ցուցանիշի բարելավմանը։ Մի բան, ինչը նաև տարօրինակ է։ Թվում է, թե այդպես չպիտի լիներ։

Նվազել է արդյունաբերության աճի տեմպը։ Այն նահանջել է 0,9 տոկոսային կետով։ Նախկին 9,7-ից հիմա արդեն արդյունաբերության աճի 10 ամիսների ցուցանիշը 8,8 տոկոս է։ Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ արդյունաբերության հատվածում արտադրության ծավալներն ավելացել են, բայց աճը բարձր չէ` ընդամենը 2,7 տոկոս։ Այս պահին դժվար է ասել, թե դրա վրա ինչպիսի՞ն է եղել հանքարդյունաբերության ազդեցությունը։ Այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։

Մինչ այդ փաստենք, որ վերջին ամիսներին հենց հանքարդյունաբերությունն էր դարձել արդյունաբերության աճն առաջ մղող հիմնական գործոնը։ Տարեսկզբի անկումից հետո 9 ամիսներին աճը այստեղ հասավ 19,5 տոկոսի։ Ու դա մեծապես նպաստեց արդյունաբերության աճի արագացմանը։

Հայաստանում արձանագրվող տնտեսական ակտիվության գործում շարունակում են առանցքային դերակատարություն ունենալ առևտրի և ծառայությունների ոլորտները։ Ծառայությունների երկնիշ աճը պահպանվում է նաև 10 ամիսների կտրվածքով։ Այն գերազանցում է 15 տոկոսը։ Նույն ժամանակահատվածում չնայած առևտրի աճը երկնիշ չէ, այնուհանդերձ շատ չի տարբերվում այդպիսին լինելուց։ Պաշտոնական վիճակագրությամբ ներքին առևտուրն այս տարի ավելացել է 8,9 տոկոսով։ Հասկանալի է, որ դա ոչ այնքան իրական շրջանառությունների մեծացման, որքան թաքնված ծավալները ստվերից հանելու արդյունք է։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առևտրում ստվերը բավական շոշափելի է։ Տարբեր գնահատումներով՝ այն անցնում է նույնիսկ 50 տոկոսը։

Տարեվերջից երկու ամիս առաջ շինարարության ոլորտում աճը կազմել է 4,5 տոկոս։ Հոկտեմբերին ոլորտում ավելի բարձր ակտիվություն է գրանցվել, ինչի արդյունքում 9 ամիսների համեմատ աճը մի փոքր բարելավվել է։ Պետք է ենթադրել, որ դրան նպաստել է պետական հատվածում շինարարության, մասնավորապես՝ ճանապարհաշինության ծավալների ավելացումը։ Թեև մյուս կողմից` վերջին շրջանում նկատվում է բնակչության կողմից իրականացվող շինարարական աճի տեմպի դանդաղում։ Մի պահ աճն այս հատվածում նույնիսկ երկնիշ էր։ Բայց հետո նվազեց և, հրապարակված վերջին տվյալներով, կազմել է 7,1 տոկոս։

Սրանք են այս տարվա տնտեսական զարգացումների հիմնական ցուցանիշները։ Եվս երկու ամիս, և կավարտվի հերթական տնտեսական տարին։ Այս պահին 10 ամիսների ակտիվությունը, ըստ Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալների, 7,1 տոկոս է։ Թե ինչպիսի՞ն կլինի ցուցանիշը տարեվերջին, կախված է առաջիկա երկու ամիսների զարգացումներից։

Ամեն դեպքում վարչապետն արդեն հայտարարել է, որ այս տարի Հայաստանում սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ։ Այնպես որ, Վիճակագրության կոմիտեին այլ բան չի մնում անել, քան ձգտել դրան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս