Բաժիններ՝

Կառավարությունը 6 մլն դրամ հատկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին

Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում որոշում ընդունվեց 6 մլն դրամ հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Գումարը հատկացվեց Նորքի անտառների 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:

Նախագծի զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Երևանի անտառպետության 56 հա-ից ծառապատվել է 45 հա-ն, ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը  բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Այդ ամենի հետևանքով՝ ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր, հետևաբար՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում։

Նախնական գնահատմամբ՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ այդ հատվածներում կան շատ հատված ծառեր, որին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Հուսով եմ՝ չեք առաջարկում՝ այդտեղ հակահրդեհային համակարգ տեղադրենք»:

«Չեն էլ կարող տեղադրել, բայց այդ լանջերին կաթիլային ոռոգմամբ ի՞նչ կարող եք անել: Այնտեղ ջրի մեծ քանակություն է պետք, կաթիլայինը չի փրկի, ու նորից ունենալու ենք հրդեհներ»,- ասաց  Ցոլակյանը։

Ի պատասխան՝ նախարար Գրիգորյանը նկատեց, որ մասնագետները նշել են, որ հենց կաթիլային ոռոգման համակարգն է լավագույնն այդ լանջերի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս