«Բանակցում ենք, որ գազի գնային տատանումը չլինի բեռ թե՛ հասարակ սպառողի, թե՛ տնտեսության համար». Մհեր Գրիգորյան
«Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ գնային տատանումը չլինի այնպիսին, որը կլինի բեռ, կամ որը կլինի պրոբլեմատիկ թե՛ հասարակ սպառողի համար, և թե՛ տնտեսության»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի գնի բարձրացմանը՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև հաջորդ տարվա գարուն:
2020 թվականի ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման մասին Գրիգորյանը հայտնեց, որ, բացի այն բանից, որ բանակցություններն ընթացքի մեջ են, այլ բան հաղորդել չի կարող: Բանակցություններն էլ այս պահին ընթանում են եռակողմ ձևաչափով՝ և՛ բելառուսական կողմի, և՛ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մասնակցությամբ:
Անդրադառնալով տնտեսագետների պնդումներին, թե հայտարարությունը, որ գազի գինը Հայաստանի համար մինչև ապրիլի 1-ը չի թանկանա, ուղիղ մեսիջ է, որ 2020 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողի համար այն կթանկանա, փոխվարչապետն ասաց. «Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, դա կասվեր ուղիղ մեսիջով: Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է՝ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»:
Ըստ փոխվարչապետի՝ ՀՀ կառավարությունն այս պահին գնահատում է բոլոր հնարավորությունները՝ ուղղակի կամ անուղղակի, գազի հետ կապված այլընտրանքներ ստեղծելու համար: Այս պահին ընթացքի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձևով:
«Հիմա ընթանում է այդ գործընթացը: Այլ բան է ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացումը, և այլ հարց է նաև ծավալները, որոնք, իհարկե, օրակարգային հարցեր են, բայց այս պահին որևէ ավելի կոնկրետ բան չեմ կարող ասել դրա հետ կապված, որովհետև գիտեք, որ Իրանի հետ կապված գործարքի էությունը բարտերային է, այսինքն՝ գազի դիմաց էլեկտրաէներգիա է տրամադրվում, իսկ էլեկտրաէներգիան մատակարարելու համար, իհարկե, պետք է լինի նաև որոշակի ենթակառուցվածք»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով հանրությանը հետաքրքրող մեկ այլ հարցի, թե գազի գինը մինչև հաջորդ տարվա գարուն չի բարձրանա սահմանի՞ն, թե՞ ներքին սպառողի համար՝ Գրիգորյանն ասաց, թե ուղերձը, որը մինչ օրս տրվել է, վերաբերում է ներքին սակագնին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ