
Ռուսաստանը և Վրաստանը ավիահաղորդակցությունը կարող են վերսկսել 2020 թվականին. «Իզվեստիա»

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության արգելքը կարող է հանվել 2020 թվականի առաջին կեսին: Այդ մասին գրել է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իրազեկ կառավարական մի աղբյուր: Ինչպես հայտնի է դարձել, երկրների միջեւ թռիչքների վերսկսումը կարող էր տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, սակայն դրան խոչընդոտել է Վրաստանի քաղաքական ճգնաժամը, որն ուղեկցվում է զանգվածային բողոքներով:
Հրատարակության զրուցակիցը նշել է, որ, չնայած «ռուսատյացության տրամադրությունների» թուլացմանը, երկրում բացակայում է անվտանգության պատշաճ մակարդակը: Դրա հետ մեկտեղ ավիահաղորդակցության վերականգնման մասին որոշումն ընդունվելու է Մոսկվայի կողմից՝ առանց Թբիլիսիի հետ նպատակամետ կոնսուլտացիաների: Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ վրացական կողմը կողջունի երկրների միջեւ թռիչքների վերսկսումը:
Վրաց-ռուսական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքարկեցին ռուս պատգամավորների այցը, որոնք մասնակցում էին ուղղափառության միջազգային խորհրդաժողովին: Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանի մայրաքաղաքում տարածվել էր բողոքի ակցիաների ալիքը: Այդ ֆոնին Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվեց քաղաքացիների օդային փոխադրումները Ռուսաստանից Վրաստան, իսկ տուրօպերատորներին ու գործակալներին հանձնարարվեց ուղեգրեր չվաճառել այդ երկիր մեկնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: