«Որևէ մեկը չի կարող ինձ ո՛չ բերել, ո՛չ տանել. ես կայուն հայացքների տեր մարդ եմ և երբեք իմ հայացքները չեմ հարմարեցնում որևէ մեկի քիմքին». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանին
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասաց, որ հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելը կապ չունի բուհերի ինքնավարության հետ. «Սա կամայականություն է հայոց լեզվի գլխին: Բուհերի ինքնավարությունը բուհերի կառավարման համակարգում պետք է լինի: Վաղը կգա մեկը, որն այսօրվա իշխանավորների չափ հայոց լեզվի նկատմամբ կլինի անտարբեր կամ պարզապես չի ընդունի այդ լեզվի գոյության իրավունքը, և կհայտարարի, որ նպատակահարմար չի համարում հայոց լեզուն դասավանդել բուհում»:
Ինչ վերաբերում է իր և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռակա բանավեճին՝ նա ասաց. «Իմ ասածից երբեք չպետք է ենթադրել, որ ես նրան համարել եմ երիտթուրք, ես հայոց լեզվի նկատմամբ ատելություն ունեցող և մոլեռանդ հակահայ դոկտոր Նազիմի անունն եմ տվել: Հիմա ինչո՞ւ իրենց հովանու տակ չեն ուզում վերցնել հայերենը և թողնում են մարդկանց քմահաճույքին: Այդպիսի բան չի կարելի անել, և ես իմ կարծիքին եմ մնում»:
Նախարարի և դասախոսների հանդիպմանը չմասնակցելու պատճառը, ըստ Սերժ Սրապիոնյանի, եղել է իր գործընկերներից մեկի զանգը. «Իմ գործընկերներից մեկը զանգել և խնդրելու տոնով ասել է՝ թվով շատ ենք, բոլորի հետ խոսելու հնարավորություն չի լինի, հիմնականում լեզվաբաններն են մասնակցում հանդիպմանը և ակադեմիական կառույցի ղեկավարներ, չե՞ս նեղանա, եթե խնդրենք, որ չգաս: Ես մասնագիտությամբ գրականագետ եմ և համաձայնեցի՝ ելնելով գործի ընդհանուր շահերից: Իսկ նախարարը, եթե կարծում է, որ ինձ պետք է բերեին, ապա ես հայտարարում եմ՝ կյանքում նախարար Արայիկ Հարությունյանը չէ՝ Արայիկ Հարությունյանից շատ բարձր պաշտոն զբաղեցնող ցանկացած անհատականություն ինձ չի կարող ո՛չ բերել, ո՛չ տանել, որովհետև ես կայուն հայացքների տեր մարդ եմ և երբեք իմ հայացքները չեմ հարմարեցնում որևէ մեկի քիմքին»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում