Բաժիններ՝

ՔԿԾ պետը Լիտվայի արդարադատության նախարարի հետ քննարկել է երկու երկրների քրեակատարողական համակարգերում իրականացվող աշխատանքները

Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների քրեակատարողական համակարգերում իրականացվող աշխատանքները, քրեական պատիժների կատարման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման նպատակով իրականացվող միջոցառումները: Առանձնահատուկ կարևորել են արգելված իրերի, մասնավորապես բջջային հեռախոսների դեմ տարվող պայքարի մեթոդները, դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով մասնավոր հատվածի ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հարցերը:

Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության հետագա խորացման, փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև արդյունավետ փորձի փոխանակման վերաբերյալ:

Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսը ծառայության պետ Արթուր Գոյունյանին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով կազմակերպված ընդունելության և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեսանելի արդյունքների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս