Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը ևս 1 ամիս կմնան կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի և Արտուշ Գաբրիելյանի, մասնակի բավարարել էր քննիչների միջնորդությունը և համապատասխանաբար որոշել Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի կալանավորումը երկարաձգել 1 ամսով:
«Դատավոր Նելլի Բաղդասարյանը մասնակի բավարարել էր Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը և մերժել էր մեր՝ Սարգիսի խափանման միջոց կալանքը 1 միլիոն դրամ գրավով փոխարինելու միջնորդությունը»,- 168.am-ին ասաց Սարգիս Օհանջանյանի փաստաբան Վահե Եփրիկյանը, որը զուգահեռաբար իրականացնում է նաև Նարեկ Մութաֆյանի պաշտպանությունը:
Նարեկ Մութաֆյանի կալանավորումը երկարաձգելու միջնորդությունը լսել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը մինչ այդ մերժել էր փաստաբան Վահե Եփրիկյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Պաշտպանը Նարեկ Մութաֆյանի դեպքում ևս ներկայացրել էր գրավի միջնորդություն՝ սահմանաչափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Փաստաբանը 168.am-ին ասաց, որ նախաքննությունն արդեն կարելի է ավարտված համարել:
«Վարույթն իրականացնող մարմինը նոյեմբերի 21-ին հայտարարել է նախաքննության ավարտ: Ես խնդրել էի 3 օր ժամանակ քրեական գործերի նյութերին ծանոթանալու և միջնորդություն ներկայացնելու համար»,- ասաց Եփրիկյանը՝ հավելելով, որ այս մասով միջնորդություն չի ներկայացնելու:
Սա ենթադրում է, որ քննիչը պետք է կազմի մեղադրական եզրակացություն, այն ուղարկի դատախազին՝ հաստատելու համար, որից հետո գործը կգնա դատական քննության:
«Դրանով պայմանավորված էլ մեծ էր ակնկալիքներս, որ այս փուլում տղաներն ազատ կարձակվեն, գոնե վերջիններիս նկատմամբ գրավ կկիրառվի: Բայց տեսանք, թե ինչ որոշումներ եղան»,- ասաց Վահե Եփրիկյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան ոտքով քայլելիս էր եղել, երբ նրան էին մոտեցել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Նարեկ Մութաֆյանը՝ Ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին հարցրել է, թե արդյո՞ք նրա անունն առկա է «վնգստացող դատավորների ցանկում»:
Հարուցվել էր քրեական գործ, և դատավոր Դանիբեկյանը ցուցմունք էր տվել իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակում։
Դրանից հետո փոխվել էր մեղադրանքը, որ երիտասարդներն այս պահին մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ