ԵՄ-ի խորհուրդը Եվրամիության բյուջեի նախագիծը հաստատել է 168,7 մլրդ եվրո ծախսերի ծավալով
ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 25-ին Եվրամիության բյուջեի նախագիծը հաստատել է 168,7 մլրդ եվրո ծախսերի ծավալով, ինչը 1,5 տոկոսով ավելի է 2019 թվականի բյուջեից: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի՝ երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ: 2020 թվականին բյուջեի եկամուտները պետք է կազմեն 153,6 մլրդ եվրո։
«Խորհուրդը հաստատեց ԵՄ-ի 2020 թվականի բյուջեի վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնությունը: Եթե Եվրախորհրդարանը նոյեմբերի 27-ին հաստատի այդ որոշումը, ապա 2020 թվականի բյուջեն վերջնականապես կընդունվի: ԵՄ-ի 2020 թվականի բյուջեն շարունակելու է պաշտպանել տնտեսական աճը, եվրոպական տնտեսության մրցունակությունը եւ ԵՄ-ի այլ գերակայություններ, ներառյալ անվտանգության հարցերը եւ միգրացիայի կառավարումը: Բյուջետային ծախսերի 21 տոկոսը կուղղորդվի կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցառումներին մի քանի ուղղություններով, ներառյալ ներդրումները նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման գործում, տրանսպորտային եւ էներգետիկական ենթակառուցվածքի զարգացումը, եւ արտաքին քաղաքական նախաձեռնություններին»,-ասված է փաստաթղթում:
Նոյեմբերի 20-ին բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր էթինգերը, ներկայացնելով 2020 թվականի բյուջեի նախագիծը, հայտնել է, մասնավորապես, որ ԵՄ-ն մտադիր է հրաժարվել ածխի կամ գազի բնագավառում էլեկտրականության արտադրության էներգետիկական նախագծերի ֆինանսավորումից: Այսուհետեւ, նրա խոսքով, Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորման կարող են հավակնել միայն վերականգնվող էներգետիկայի բնագավառի նախագծերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: