«Հայաստանին 860 ապրանքատեսակի արտոնյալ պայմաններ ու զեղչեր են տրամադրվել». Մոհսեն Նարիման
Հայաստանը ԵԱՏՄ-ում մեծ դերակատարում ունեցող խաղացող է, և Իրանի համար մեծ առավելություն է, որ Հայաստանի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի միջոցով ԵԱՏՄ դուրս գալու համար Իրանն ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանին։
Նրա խոսքով՝ փոխադարձ համաձայնությունների արդյունքում Հայաստանին 860 ապրանքատեսակի արտոնյալ պայմաններ ու զեղչեր են տրամադրվել, ինչը, նրա կարծիքով՝ մեծ նախապայմաններ է ստեղծում հաջող համագործակցության համար։
«300 ապրանքատեսակի դեպքում ցածր մաքսատուրք է սահմանել Իրանը, իսկ 500-ի համար՝ ԵԱՏՄ-ն, որի մեջ մտնում է նաև Հայաստանը։ Ակնկալում եմ, որ հայ ներդրողները լավ կճանաչեն իրանական շուկան, նրա ունեցած պոտենցիալը, իսկ ճանաչելուց հետո, վստահ եմ, որ համագործակցության եզրեր կգտնենք, և ցանկություն կառաջանա մեր շուկայում գործունեություն ծավալելու համար։ Այն պայմաններում, երբ Իրանը գտնվում է պատժամիջոցների տակ, կարողացել է ձեռք բերել այն վստահությունը, որ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 860 ապրանքատեսակի համար սահմանել արտոնյալ պայմաններ»,- նշեց Մոհսեն Նարիմանը։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մեծ ապագա ունի։
«Պարզապես այս պահին անհրաժեշտ է մի քանի ամիս, որպեսզի վերջնական համաձայնությունները ձեռք բերվեն, սակայն այս համագործակցության նկատմամբ այս մեծ հետաքրքրությունն ինձ հուշում է, որ այդ համագործակցությանը լուսավոր ապագա է սպասվում»,- ասաց Մոհսեն Նարիմանը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի ստեղծման մասին համաձայնագիրն Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել էր հունիսի 10-ին։ Իսկ նախորդ տարվա մայիսին՝ Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ, Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքվել էր ժամանակավոր համաձայնագիրը։
Զվարթ Խաչատրյան