ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության ապահովման ոլորտում երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Ողջունելով դեսպանին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները բարեկամ և գործընկեր երկրի դեսպանի հետ ևս մեկ քայլ են հանդիսանում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործընթացում և ընդգծել ՀՀ ԱԱԾ-ի կողմից փոխգործակցության խորացման պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու պետությունների անվտանգության մարմինների փորձի փոխանակման մասին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Կ. Դ. Դեվալը նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացման գործընթացում` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների անվտանգության և բարեկեցության: