Բաժիններ՝

ԱՄՆ-ը Հարավային Կորեայից դուրս կբերի 4 հազար զինվորականի, եթե Սեուլը հրաժարվի ավելի շատ վճարել

ԱՄՆ-ը քննարկում է Կորեայի Հանրապետությունում իր 28-հազարանոց զորակազմը 4 հազարով կրճատելու հնարավորությունը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել է The Chosun Ilbo հարավկորեական թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր Վաշինգտոնում։

«Որքան հայտնի է, Պենտագոնը պատրաստվում է մի բրիգադ դուրս բերել Հարավային Կորեայից, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես դա կցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,-հրատարակությունը մեջբերում է աղբյուրի խոսքը:

Կորեայի Հանրապետությունում ներկայում գտնվում է 28,5 հազար ամերիկացի զինծառայող: Մի բրիգադը հաշվում է 3-ից մինչեւ 4 հազար մարդ: Անցյալ տարի ամերիկյան կողմը հայտարարել էր Հարավային Կորեայի ծախսերն զգալիորեն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ 28-հազարանոց զորակազմ պահելը Վաշինգտոնի վրա տարեկան նստում է մոտավորապես 5 մլրդ դոլար:

ԱՄՆ-ի զորակազմը պահելու Սեուլի ծախսերը 2019 թվականին ավելացվել էին 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրլն վոն (915 մլն դոլար): Նոյեմբերի 7-ին YTN հեռուստաալիքը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության միավորման խորհրդարանական կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնին, հայտնել է, որ Վաշինգտոնը Սեուլից պահանջել է համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի մուծումների բաժինը մեծացնել գրեթե հինգ անգամ՝ մինչեւ 4,7 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս