«Պաշտպանների փաստարկներում բացարկի միջնորդություն հայտնելու արժանի փաստարկ չկա». Տիգրան Եգորյան

«Դատախազությունը մեղադրանքը հաստատելու պահից հստակ դիրքավորվում է մեղադրանքը պաշտպանելու կողմում: Դատախազը դատարանում կողմ է, հետևաբար՝ մեղադրել նրան ու բացարկի միջնորդություն ներկայացնել իր մեղադրանքը պաշտպանելու հարցում, անիմաստ է»,- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդության վերաբերյալ  տեսակետ հայտնելիս ասաց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ըստ Եգորյանի, եթե պաշտպանական կողմը դատախազին մեղադրում է ինչ-որ ապացույցներ թաքցնելու մեջ, ապա դրա լուծումը բացարկ ներկայացնելը չէ:

«Դա քրեորեն պատժելի արարք է ու այլ ընթացակարգ է ենթադրում: Բայց ես նման փաստերի չեմ հանդիպել»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ «Մարտի 1»-ի մայր գործից այս գործ  ինչ-որ նյութեր չբերելն էլ բացարկ հայտնելու միջնորդության հիմք չէ:

«Եթե ինչ-որ նյութեր չեն բերվել դատարան, ապա դա պետք է որ պաշտպանական կողմին հնարավորություն տար ավելի լավ պաշտպանվել, ոչ թե բողոքարկել կամ բացարկի միջնորդություն ներկայացնել»,- իր ելույթում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը:

Ելույթն ավարտելիս Տիգրան Եգորյանը տեսակետ հայտնեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները բացարկ ներկայացնելու հիմք չեն հանդիսանում, արժանի փաստարկ չեն:

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն նախորդ  դատական նիստում ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս հայտնել էին, որ դատախազ Պետրոսյանն ընդունել է  քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքը հաստատող փաստերը, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Այսօրվա դատական նիստում դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս