Արարատի մարզպետի թեման՝ կառավարության օրակարգում

Կրկին խոսվում է Արարատի մազպետ Գարիկ Սարգսյանի հրաժարականի մասին, այս անգամ, սակայն, նրա տեղափոխության հստակ պաշտոնն ու ժամկետներն են ուրվագծվում: Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 4-ից արձակուրդում է, ենթադրվում է՝ վերադարձը կլինի արդեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գարիկ Սարգսյանը կնշանակվի նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս որոշումը կայացվել է անցած շաբաթ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախից վերադառնալիս՝ մարզպետարանում կարճատև հանդիպում է ունեցել սանիկ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, որից հետո հենց մարզպետարանում վարչապետը զգեստափոխվել է և սանիկ մարզպետի ուղեկցությամբ դուրս է եկել մարզպետարանից՝ ուղղություն վերցնելով դեպի Արտաշատի «Հրաշք Այգի» ռեստորան:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնապահին պատկանող «Հրաշք Այգի» ռեստորանում վարչապետը մի քանի նախարարների հետ միասին մասնակցել է իր թիկնազորի տղաներից մեկի հարսանիքին: Իշխանական էլիտան քեֆ է արել, պարել, ազգային-ազատագրական երգերի ժամանակ ձայնակցել են երգչին, մինչդեռ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջ ընթացքում մեկուսացած ու խիստ անտրամադիր է եղել: Չի բացառվում, որ քավոր վարչապետի հետ իր պաշտոնանկության մասին զրույցը Գարիկ Սարգսյանի սրտով չի եղել: Ի վերջո, մարզպետը հասկացել է, որ աստեղային ժամին կա ավարտ, իսկ մարզպետի պաշտոնը նրան տալիս էր լծակներ, որոշում ընդունելու իրավասություն, կար առճակատման հնարավորություն՝ մարզի ՀՀԿ-ական հեգեմոնների հետ, ինչը մեծ պատիվ ու գայթակղություն է ցանկացած կալիբրի հեղափոխական չինովնիկի համար: Մինչդեռ նախարարի խորհրդականի պաշտոնը՝ ցանկացած կառույցում, մեծ հաշվով, կրում է ֆորմալ բնույթ, այս պաշտոնին նշանակված անձը կամ էպիկենտրոնում է և ունի հստակ գործառույթ, կամ ածանցյալ մեկն է:

«Վարչապետը պարզապես հոգնել է սկանդալային պատմություններից»,- Գարիկ Սարգսյանի պաշտոնանկությունը մեզ հետ զրույցում այսպես է բացատրում իշխանական պաշտոնյան:

«Ինչքա՞ն կարա էդ մարդը սվաղի Գարիկի թեման: Առանց հասկանալու՝ օր ու մեջ մի պատմության մեջ ա ընկնում, մարդիկ գալիս-բողոքում են, ասում են՝ վարչապետն իրա քավորն ա, տեր ա կանգնում, եթե էդքան բան մի ուրիշ պաշտոնյա իրեն թույլ տար, վաղուց դատ ու դատաստանի առաջ էր կանգնելու»,- դժգոհում է կուսակիցը՝ նկատի ունենալով Գարիկ Սարգսյանի անվերջանալի դատական վեճերը, ապօրինի ազատումներն ու կամայական նշանակումները մարզպետարանում:

Ավելի վաղ 168.am-ը բազմիցս անդրադարձել է Արարատի մարզպետի հարկադրանքով պաշտոնանկ արված մի քանի բժկական կենտրոնների ղեկավարների, դպրոցների տնօրենների դեպքերին, ընդ որում՝ բոլոր դրվագներով։ Նշենք, որ տասից ավելի դատական հայցեր այսօր քննվում են մարզի ու Վարչական դատարաններում: Ի դեպ, վերջին աղմկալի ազատումը Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնանկությունն էր, հիշեցնենք, Նորայր Գրիգորյանին սեպտեմբերին մարզպետ Գարիկ Սարգսյանն ազատել էր՝ վերջինիս արձակուրդում եղած շրջանում, և այս հարցը դեռևս փակված չէ իրավական և քաղաքական հարթության մեջ: Կառավարություն-ՀՔԾ-Վարչական դատարան- Գլխավոր դատախազություն բողոքարկումների ընթացքն ուղեկցվում է բողոքի ցույցերով ու սկանդալային միջադեպերով:

Մինչ այս հրապարակումը պատրաստում էինք, հայտնի դարձավ մարզպետի հերթական կասկածելի որոշման մասին: Գարիկ Սարգսյանն այս օրերին՝ արձակուրդում գտնվելու շրջանում, իր մոտ է կանչել խորհրդական Աշոտ Վարդանյանին և ազատման դիմում պահանջել:

Աղբյուրի վստահեցմամբ՝ մարզպետն անկեղծորեն խոստովանել է, որ իր խորհրդականի պաշտոնը դեռ անցած տարվանից խոստացվել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի գրասենյակի համակարգող Կառլենին, և հասկացրել է, թե ինքն այլ ելք չունի, սպասում է՝ հապճեպ ազատման դիմումը գա, որ սպասված նշանակումն անի: Իսկ Աշոտ Վարդանյանը, ով, ի դեպ, նախկիններից է, «Ավշար ալկոյի» սեփականատեր, նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին էր ի պաշտոնե խորհրդատվություն մատուցում, գրել է ազատման դիմումը ու հավատով սպասում է, թե երբ պիտի «կոկորդիլոսագետ մարզպետն» իրեն խոստացած այլ պաշտոնում նշանակի:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս