Բաժիններ՝

Ո՞ր երկրներ է Հայաստանից արտահանվում պղնձի մեծ մասը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր:

Մոլիբդենից ստացվող օքսիդը և ֆերրոմոլիբդենը հիմնականում օգտագործվում են պողպատաձուլման մեջ` որպես ուժեղացնող, ջերմակայունացնող և հակակոռոզիոն բաղադրիչներ:

Պղինձն այսօր աշխարհում ամենաօգտագործվող և ամենատարածված մետաղներից մեկն է, որը լայնորեն օգտագործվում է արդյունաբերական արտադրության մեջ:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2017թ. միջին պղնձի գինը կազմել է 6163 դոլար (1 տոննայի դիմաց), իսկ 2018թ.՝ 6525 դոլար:

Ֆերրոմոլիբդենի միջինը 2017 թվականին կազմել է 20 դոլար, 2018 թվականին՝ 25:

«Պղնձի մեծ մասն արտահանվում է Չինաստան, փոքր մասը՝ Եվրոպա, այս դեպքում ամենաշատը՝ Բուլղարիա և Իսպանիա, իսկ Չինաստանը պղնձի ամենամեծ սպառողն է՝ մոտ 35 տոկոս:

Ինչպես մի քանի տարի առաջ, այնպես էլ հիմա լեռնագործության ոլորտում գների տատանման խնդիրներ կան, բայց մենք պետք է փորձենք դիմակայել: Անցյալում ապացուցել ենք, որ բոլոր դժվարություններին կարողանում ենք դիմակայել, որը որ հեշտ չէ:  Դա  հանգեցնում է նրան, որ բաժնետերերից ներդրումներ ենք ուզում, դիմում ենք բանկերի և այլն: 2008-2009 թվականներն են դժվար եղել, 2014-2015 թվականները, բայց դա մեր ցիկլիկ էության ռեզուլտատն է»,- նշեց Մհեր Պոլոսկովը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի խոսքով էլ՝ ինչպես 2018թ. արդյունքներով, այնպես էլ 2019թ. առաջին տասն ամիսների արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի առաջին հարկատուն է, և իրենց բազմահազարանոց կոլեկտիվը հպարտություն է ապրում դրա համար:

«Ոչ թե նրա համար, որ հարկը վճարվել է, քանի որ մեր գնահատմամբ՝ հարկն  ընդամենը մեխանիկական գործընթաց է, այլ նրա համար, որ մեր կոլկտիվն այնպես է աշխատել, որ հայրենիքի  համար այդքան հարկ է ձևավորել:

«Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեզ մոտ ավելացել են արդյունահանման ծավալները: Այսօր ստեղծված հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս ավելին վերամշակել, բայց սահմանափակված ենք մեր լիցենզիայով: Ամեն ինչ անելու ենք՝ այս առաջնությունը ոչ մեկի չզիջելու, ինչպես նաև մեզնից կախված է նաև հետևյալը՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի գները պետք է լինեն միշտ բարձր»,- հավելեց Նարեկ Ամբարյանը:

Նկատենք, որ 2010-2011 թվականներին պղնձի միջազգային գները ռեկորդային մակարդակի են հասել՝ հատելով 10 հազար դոլարի շեմը։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանից արտահանված մոտ 425 հազ. տոննա պղնձի խտանյութի 47 %-ն արտահանվել է Բուլղարիա, 23 %-ը՝ Շվեյցարիա, 18.5 %-ը՝ Չինաստան, մոտ 10 %-ը՝ Ռումինիա, և փոքր քանակությամբ՝ այլ երկրներ։ Հայաստանից արտահանվում է նաև չզտած պղինձ և պղնձի ջարդոն։ Չզտած պղինձն արտահանվել է Գերմանիա, իսկ ջարդոնը՝ Հոնկոնգ, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս