«Այսօր իրավական դաշտում սամասուդ է, բեսպրեդել. Սա անհետևանք չի մնա». Արմեն Ռուստամյան

«Խորհուրդ կտայի իշխանություններին, որ նույն սխալները չկրկնեն, ինչպես իրենց նախորդներն են կրկնել: Իշխանությունների գահավիժումը սկսվում է այն պահից, երբ սկսում են մեծամտանալ ու ինքնասիրահարվել: Դեռ իրենք ոչինչ չարած, սկսում են նախորդներին վարկաբեկել, քննադատել»,- անդրադառնալով Դաշնակցության հասցեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հնչեցրած մտքերին՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նրա համար այսօր ամենամեծ խնդիրը բովանդակային քննարկման բացակայությունն է: Ասում է՝ երբ ուզում ես որևէ բան ասել, որն իշխանության գովերգում չէ, սկսում են միանգամից պիտակավորել, ասելով՝ սև ես, նախկին ես, թալանչի ես:

«Թալանից են խոսում մարդիկ, ովքեր այսօր թալանի հետ առնչվում են: Հիմա էլ են թալանում, տվյալները կան, իրավապահները զբաղվում են դրանցով»,- ասաց Ռուստամյանը:

Ըստ ԱԺ նախկին պատգամավորի՝ միայն անուններ են փոխվել, իշխանությունը շարունակում է նույն արատավոր սխալները պահպանել:

«Չեք մերժել կադրային արատավոր քաղաքականությունը, որը հիմա աչքի է զարնում: Դու պիտի ընտրեիր լավերին ու նշանակեիր այդ պաշտոնում, ոչ թե միայն քո քայլածներից նշանակեիր»,- դիմելով վարչապետին՝ ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ մենք այսօր շատ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց:

«Ժողովրդավարության հիմքերի հիմքն իրավական պետությունն է, իրավական պետության հիմքերի հիմքն իշխանության ճյուղերի տարանջատումն է՝ օրենսդիր, գործադիր, դատական: Իրավական դաշտում այսօր սամասուդ է, բեսպրեդել: Սա անհետևանք չի մնա: Այսօր ամեն ինչ մի հոգի է որոշում: Այսօր մի անձի իշխանություն է»,- ասաց Ռուստամյանը՝ նկատելով, որ  նախորդներն էլ մի բան չէին:

Ռուստամյանի մոտ տպավորություն է, որ պարզապես մարդափոխություն է եղել: Վստահ է՝ ինքնիրավչությամբ, մի հոգու քմահաճույքով առաջ գնալը ոչնչի չի բերի:

Ռուստամյանը չի բացառում նաև ՀՅԴ անդամների դեմ բացվող հնարավոր քրեական գործերը:

«Այսօր քրեական գործ հարուցելը դարձել է իշխանությունների համար գործիք իրենց ընդդիմադիրների դեմ պայքարելու համար: Սա փաստ է: Եվ բոլորի դեմ կարող են գործ հարուցել: Վաղը կարող են գալ ու ինձ հարցնել, թե՝ այս կոստյումը որտեղի՞ց: Կարևորը՝ մարդուն վարկաբեկեն, անունը գցեն մեջտեղ, հետո չգան ներողություն խնդրեն: Մարդիկ ապրում են մի օրվա կյանքով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս