
«2020 թվականի պետական բյուջեի նախագծում կան ծրարներ, որոնք անարդյունավետ են եղել նախորդ տարիներին». Արթուր Գրիգորյան

«Ես կուզեի, որ մենք ուշադրություն դարձնենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական խնդիրներին, մասնավորապես՝ զբաղվածության մասով: 2019 թվականի պետական բյուջեի նախագծով մենք ունենք կատարված որոշակի ծրագրեր և նույն ծրագրերը նույնությամբ նախատեսել ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծով»,- այս մասին Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:
Նրա խոսքով՝ զբաղվածության մասով իրականացվում են հնացած ծրագրեր, որոնք արդյունավետ չեն, և դրանցից որևէ մեկի վերաբերյալ չկա որոշակի վերլուծություն, թե ինչ մեթոդաբանություն են կիրառում և ինչ արդյունք պետք է ստանան:
«Կարելի է ասել, որ այս բոլոր ծրագրերն անարդյունավետ են, նույնիսկ եղել են ծրագրեր, որոնք ժամանակին հանվել են իրենց անարդյունավետ լինելու պատճառով, սա զբաղվածությանն է վերաբերում, բայց, չգիտես ինչու, այդ ծրագրերն այսօր հայտնվել են բյուջեի այս նախագծում: Այո, մենք ընդունում ենք, որ բյուջեի այս նախագծով կենսաթոշակների մակարդակը բարձրանալու է, բայց արդյո՞ք սա այն բավարար նիշն է, որով կարող ենք թոշակառուների համար բավարարել նվազագույն պայմանները: Մենք համոզված ենք, որ կենսաթոշակների նիշը պետք է նվազագույնը լինի սպառողական զանգվածի մակարդակից բարձր կամ գոնե այդ մակարդակում»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
Անդրադառնալով Կառավարության կառուցվածքային փոփոխությանը, որի արդյունքում 17 նախարարություններից մնացին 12-ը, ինչը Կառավարությունը հիմնավորում էր նրանով, որ այդ ճանապարհով հասնելու են ծախսերի նվազագույն չափի և անելու են տնտեսումներ, ըստ Ա. Գրիգորյանի՝ այդպես չի եղել, այդ փոփոխության արդյունքում հաջորդ տարվա բյուջեի նախագծում 650 հաստիք է ավելացել:
«Մենք այս ամենի արդյունքում՝ ունեցանք սուպերնախարարություններ, բայց այդ դեպքում պետք է լիներ նախարարների քաղաքական պատասխանատվությունը, բայց մենք տեսնում ենք, որ նախարարը ֆիզիկապես չի կարող հասցնել այդ ոլորտները կարգավորել»,- շեշտեց Ա. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին:
Զվարթ Խաչատրյան