«Արտեկ»-ում երկրորդ դեռահասն է մահացել այս տարվա աշնան ընթացքում
Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, որը հանգստանում էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ): Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի (ՀՔԿ) հանրապետության գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Պոստնովան:
«Նախնականորեն պարզվել է, որ երեկ (նոյեմբերի 12-ի) երեկոյան աշակերտուհին պառկել էր քնելու եւ այսօր առավոտյան նրան մեռած են հայտնաբերել»,-ասել է նա, չճշտելով, թե որ հոդվածով է հարուցվել գործը:
ՀՔԿ-ի տվյալներով՝ աղջիկը «Արտեկ» էր ժամանել Մախաչկալայից: Պատահարի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները. նշանակվել են փորձաքննություններ դեռահասի մահվան պատճառը պարզելու համար:
Սա արդեն «Արտեկ»-ից հանգստացողների մահվան երկրորդ դեպքն է 2019 թվականի աշնան ընթացքում
Ինչպես հաղորդվել էր, 12-ամյա տղան, որը սեպտեմբերի 23-ին հանգստանալու համար ճամբար էր ժամանել Սանկտ Պետերբուրգից, հոկտեմբերի 11-ին Յալթայի հիվանդանոց էր տեղափոխվել «թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ: Մի քանի օր անց երեխան մահացել է:
Հաղորդվել է, որ Ղրիմի հետաքննիչները մտադիր են ուսումնասիրել երեխայի հանգստի պայմանները ճամբարում եւ իրավական գնահատական տալ տղային բուժօգնություն ցուցաբերելուն:
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան երեխայի մահվան կապակցությամբ «Ռոսզդրավնադզոր»-ին հանձնարարել է ստուգել «Արտեկ»-ում բուժօգնություն ցուցաբերելու որակը: Դժբախտ դեպքի հետաքննության հանձնաժողով է ստեղծել նաեւ Ռուսաստանի լուսավորության նախարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: