«Սա հեղափոխական բյուջե չէ». ԲՀԿ-ն դեմ կքվեարկի 2020 թվականի բյուջեի նախագծին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ 2020 թվականի բյուջեն ընդհանրապես հեղափոխական բյուջե չէ, ավելին՝ այն տնտեսական հեղափոխությունը սպասարկող բյուջե չէ:

«Մենք բյուջեի այս նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու: Այս բյուջեով այն ցուցանիշներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում ժողովրդի և մեր բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ, չենք կարող հասնել: Դեռևս  փետրվարին, Կառավարության հնգամյա ծրագրի հետ կապված, որին մենք դեմ էինք քվեարկել, ասել էինք, որ այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն և ապահովել այն սպասելիքները, որի մասին ես ասացի»,- այսօր խորհրդարանում նշեց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:

Ըստ նրա՝ համախառն ներքին արդյունքը 4,9 տոկոս է, մինչդեռ նախորդ տարիներին  նվազագույն տոկոսը սահմանվում էր 5-7 տոկոս, ուստի այս ցուցանիշը կարելի է համարել հետնահանջ: Այն չի ապահովում բնակչության կենսամակարդակի, պաշտպանության մակարդակի համապատասխան երաշխիքների կատարումը:

Նա անբավարար է համարում Կառավարության այն արձանագրումները, ըստ որի՝ թոշակները, ուսուցիչների աշխատավարձն այս կամ այն չափով պետք է բարձրանա:
«Այս տարի պետական ծախսերը, որը նախատեսված է եղել 220 մլրդ դրամ, հիմա` նոյեմբերի 1-ի դրությամբ, դրանից 89 մլրդ դրամն է ծախսվել, այսինքն՝ մոտավորապես 500 միլիոն դոլարից 150 դոլարն է ծախսվել: Իսկ մնացած գումարին տեղ չկա, Կառավարությունը չի կարող ծախսել: Այ քեզ բան, ես չհասկացա, այսինքն՝ մեզ գումար է անհրաժեշտ, վարկեր ենք ներգրավում, և այլն, հիմա փողը կա, պետք է մարդ գտնենք, որ ծախսե՞նք: Սրա բացատրությունն այն է, նախ՝ քաղաքական մակարդակով հնչել է, որ բոլոր տենդերները, որտեղ որ հիմնականում պետք է իրացվեն այս պետական ծախսերը, հիմնականում նույն ընկերություններն են, և նորերը չեն առաջանում, դրանց մի մասի վրա էլ քրեական գործեր է հարուցված»,- շեշտեց Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, արդեն երկու տարի է՝ Մեղրիում ունենք ազատ տնտեսական գոտի, որը ԵԱՏՄ քվոտայում միակն է, ընդ որում՝ Հայաստանն արդեն հայտարարել է, որ պետք է հանդիսանա կամուրջ՝ Իրանը ԵԱՏՄ-ին կապելու համար, և որի ժապավենը կտրել են, սակայն չի գործում. «Ո՞վ պետք է նայի այս խնդրին»:

«Վերջերս մենք նաև գտնվում էինք Վերին Լարում, և օրական թողունակությունը երկկողմանի 170 բեռնատար է, բայց այնտեղ թողնում են 800 բեռնատար: Սև ծովում չունենք լաստանավ, մինչդեռ Ղազախստանն այնտեղ ունի տերմինալ, իսկ մենք չենք կարող օգտագործել մեր միջպետական կապերը, մի հողակտոր վերցնենք, և տերմինալ ունենալ»,- ընդգծեց նա:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս