Ղամիշլիում վերջին հրաժեշտ են տվել սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի Սուրբ Հովսեփ առաջնորդանիստ եկեղեցում: Կրոնական արարողությունը գլխավորել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանը, արարողությանը ներկա են գտնվել Ղամիշլիի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ Տեր Լևոն աբեղա Եղիայանը և քույր համայնքների կրոնական առաջնորդներ:
Հարյուրավոր սգավորների ներկայությամբ տեղի ունեցած կրոնական արարողության ընթացքում հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետը զոհված քահանային համարել է համայն քրիստոնեության և սիրիական հայրենիքի նահատակ: Ահաբեկչության զոհ դարձած Տեր Հովսեփ քահանայի մարմինն, ավանդույթի համաձայն, թաղվել է եկեղեցու խորանի ներքևում գտնվող հատուկ դարակի մեջ, իսկ նրա հոր մարմինը հողին է հանձնվել Ղամիշլիի գերեզմանատանը: