Արդարադատության փոխնախարարը հորդորում է Աննա Վարդապետյանից ճշտել աշխատանքից ազատման պատճառները
Երեկ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դադարեցրել է իր աշխատանքն Արդարադատության նախարարությունում, իսկ այսօր նախարարությունը պարզաբանում էր տարածել նրա ազատման վերաբերյալ:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե ինչն է իր գործընկերոջ աշխատանքից ազատվելու պատճառը՝ նշելով, որ նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել:
«Խնդրում եմ, պատճառների մասին իրեն հարցրեք, եթե դիմումի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, ապա դիմեք նրան: Դրա հետ կապված նախարարության մեկնաբանությունը հետևյալն է՝ պլանավորում ենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ, ուստի, դրանով պայմանավորված, հնարավոր են փոփոխություններ»,- նշեց փոխնախարարը:
Հարցին՝ կադրային այլ փոփոխություններ կլինե՞ն, նա պատասխանեց, որ դեռևս նման տեղեկատվություն չունի: Նաև նկատեց՝ կառուցվածքային փոփոխություն ասելով՝ չպետք է հասկանալ միայն կրճատում, կառուցվածքային փոփոխությունը, ըստ փոխնախարարի, տարբեր է լինում, այդ թվում՝ վերակազմակերպման ձևով:
Նա ևս մեկ անգամ հորդորեց բոլոր մեկնաբանությունները ստանալ Աննա Վարդապետյանից:
«Աննա Վարդապետյանը շատ լավ մարդ է, նա պրոֆեսիոնալ է: Նրա փոխարեն դեռ այլ փոխնախարար չենք ընդունել, բայց կարծում եմ՝ կընդունենք»,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան