«Զոհրաբ Մնացականյանը 1,5 տարվա ընթացքում վերածվեց կառավարության ձախողումները սվաղող միջակ սվաղչու». ՀՀԿ երիտթևի ղեկավար

«Վստահ եմ, որ մեր ցանկացած ասելիք տեղ է հասնում, ու ինչքան էլ այսօրվա իշխանություններն ասեն, որ մեր ասածները տեղ չեն հասնում, դա այդպես չէ: Իրենք նաև մեր իշխանությունն են, բացի այդ՝ այսօր ՀՀԿ-ն ամենամեծ արտախորհրդարանական ուժն է, և իրենք չեն կարող հաշվի չնստել մեր կարծիքների հետ»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ իրականացրած իրենց ակցիային ու այն պնդումներին, թե ներկա իշխանությունները հաշվի չեն նստում ՀՀԿ-ի ու նրանց երիտասարդական թևի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը «Մնացականյանը շուտով կդառնա Գնացականյան» կարգախոսով բողոքի ակցիա էր իրականացրել ԱԳՆ շենքի դիմաց,որի առիթը Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարությունն էր, թե հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում:

«Զոհրաբ Մնացականյանի և ֆեյքերի ասելիքները չպիտի նույնը լինեն: Ես Զոհրաբ Մնացականյանին գումար եմ վճարում ու պահանջում եմ, որ նա շարքային պրոպագանդիստի չվերածվի»,- այսօրվա ասուլիսին ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ Հայաստանը՝ լինելով շատ փոքր երկիր, գերտերությունների արտաքին օրակարգին հավասարազոր օրակարգ ունի, ինչը պետք չէ անտեսել:

«Զոհրաբ Մնացականյանը մեկ ու կես տարվա ընթացքում վերածվեց կառավարության ձախողումները սվաղող միջակ սվաղչու»,- անդրադառնալով Մնացականյանի քայլերին՝ ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավարը:

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ երիտթևն այսօր սկսել այս գործելաոճը՝ հետևում թողնելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ի հասցեին արված հայտարարությունները, Մամիջանյանը պատասխանեց.

«Եթե որոշենք պատասխանել Նիկոլ Փաշինյանի ստերին ու անհասցե մեղադրանքներին, ապա պետք է մեր բանն ու գործը թողած՝ ողջ առօրյան նվիրենք այդ գործին: Այս պարագայում անդրադարձանք, քանի որ արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյան վերածվեց «Սուտ Զոհրաբ» քաղաքականությունը տանող մարդու»:

Ինչ վերաբերում է երեկ Արտաքին գործերի նախարարին փոխանցած իրենց հայտարարությանը, ապա Մամիջանյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ից պատասխան չեն ստացել, և այն իրենց չի էլ հետաքրքրում: Մամիջանյանը հույս ունի, որ արտաքին գերատեսչությունն ու գերատեսչության ղեկավարն իրենց հայտարարությունից անհրաժեշտ ենթադրությունները կանեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս