«Պատկերավոր ասած՝ պարոն նախարար, դուք ձախողա՛կ եք». Հայկ Մամիջանյան

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևի՝ «Մնացականյանը շուտով կդառնա Գնացականյան» կարգախոսով ակցիայի առիթը Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարությունն էր: Հարցազրույցի ընթացքում լրագրող Սթիվըն Սակուրի հարցին ի պատասխան՝ Մնացականյանը հայտարարել էր, որ հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում:

Օրերս 168.am-ը հարց էր ուղղել ՀՀ արտգործնախարարությանը՝ խնդրելով պատասխանել հարցերին, թե ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել։

ԱԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ ասել էին. «Նախարար Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավարության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»:

«Մենք համարում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարն առաջին հերթին պետք է զբաղվի ՀՀ շահերի պաշտպանությամբ, ոչ թե ժամանակակից պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվի շարքային պրոպագանդիստի, ով որ ընդամենը ռեժիմի է սպասարկում»,- այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Զոհրաբ Մնացականյանը BBC-ի իր հարցազրույցի ժամանակ հնչեցրել էր հերթական մեղադրանքները Հանրապետական իշխանության հասցեին, որին էլ հետագայում անհասկանալի պատասխան էր տվել՝ ասելով, որ դա «խոսքի պատկերավոր դրսևորում էր»:

«Դե մենք էլ եկել ենք պատկերավոր իրենց ցույց տանք, որ իրենց ամբողջ արտաքին քաղաքականությունը դատարկ է՝ ինչպես ճամպրուկները, որոնք մենք իրենց համար ենք  բերել: Իրենք են այն կառավարությունը, որոնց ճամպրուկներ են բերում: Եվ մի ճամպրուկ էլ կտանք պարոն Մնացականյանին, որովհետև որ այսպես շարունակվի՝ պարոն Մնացականյանը շատ արագ Գնացականյան է դառնալու»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա՝ Զոհրաբ Մնացականյանն ու այսօրվա իշխանությունն իրենց ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում ոչ միայն նոր բանի չեն կարողանում հասնել, այլև «եղած դրսևորումներն ու ձեռքբերումները մսխում են, ընդ որում՝ ծայրահեղ արագ»:

«BBC-ի հարցազրույցն ուղղակի առիթ էր, պատճառն ավելի խորն է»,- ասում են ակցիայի մասնակիցները: ՀՀԿ երիտթևին չի գոհացնում ՀՀ արտաքին գերատեսչության քաղաքականությունը Հայաստան-Ռուսաստան, ՀՀ-ԵՄ հարաբերություններում, չեն գոհացնում Հայաստանի շփումները Վրաստանի և Իրանի հետ, «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» չինական մեգանախագծի հետաքրքրությունների տիրույթից Հայաստանի դուրս գալը, ու, որ ամենակարևորն է՝ ՀՀ կառավարության քաղաքանությունն Արցախի հարցում:

Հենց այս կետերը ՀՀԿ երիտասարդները նշել էին հայտարարության իրենց տեքստում, որն ընթերցեցին ԱԳ շենքի դիմաց: Նրանք կոչ արեցին նախարարին հնարավորինս արագ սկսել աշխատել ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե սպասարկել ռեժիմին:

«Պատկերավոր ասած՝ պարոն նախարար, դուք ձախողա՛կ եք: Չնայած այս պարագայում դա ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ Հայաստանի համար շատ վտանգավոր իրականություն»,- ասաց երիտթևի նախագահը:

Երիտասարդները փորձեցին Արտաքին գործերի նախարարին փոխանցել դատարկ ճամպրուկ, որի մեջ դրված էր իրենց հայտարարությունը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, ակցիայի մասնակիցներից վերցրեց միայն հայտարարությունը՝ խոստանալով, որ այն կփոխանցի Զոհրաբ Մնացականյանին:

Ակցիայի մասնակիցները, սակայն, ճամպրուկը նախարար Զ. Մնացականյանին փոխանցելու այլ տարբերակ մտածեցին: Այն թողեցին նախարարության շենքի մոտ, որպեսզի՝ «երբ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան, օգտագործի այդ ճամպրուկը»:

Ակցիայի մասնակիցները ԱԳՆ-ից հեռացան՝ ակնկալիքով, որ նախարարը կկարդա, կսերտի և կփոփոխի իր աշխատաոճը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս