Գեղամ Օհանյանը խոստանում է Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու գործընթացի հետ կապված փակագծերը բացել
«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը շարունակում է պայքարել, որպեսզի Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանին շնորհվի Ազգային հերոսի կոչում։ Այս մասին օրերս նա գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նախազգուշացնելով, որ, եթե Կառավարությունը նման որոշում չկայացնի, ապա ինքը որոշ փակագծեր կբացի։
168.am-ի հետ զրույցում Գեղամ Օհանյանն ասաց, որ այս պահին որևէ բան չի հրապարակի, երբ օրը գա՝ իր ասելիքը կասի։
«Պարզապես ցանկանում եմ հուշել, որ այս տարվա օգոստոսին Լեոնիդ Ազգալդյանին շնորհեցին Արցախի հերոսի կոչում, որից հետո Հայաստանում արձագանք չի եղել։ Մենք հարցն այսպես չենք թողնելու, շարունակելու ենք մեր պահանջին տեր կանգնել, որին զուգահեռ՝ նախորդ ամիս Կառավարության անդամների հետ շփումներից որոշ փակագծեր էլ ենք բացելու»,- նշեց Գեղամ Օհանյանը։
Նրա խոսքով՝ նախորդ ամիս հանդիպել են պատասխանատու անձանց հետ, որոնք թեմայի վերաբերյալ այնպիսի բաներ մասին են խոսել, որոնց հրապարակումը հանրության համար այդքան էլ հաճելի չի լինի։
«Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել, առայժմ ավելացնելու բան չունեմ»,- ընդգծեց Գ. Օհանյանը։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Երևանում տեղի ունեցավ Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու քայլերթ-պահանջ, որից հետո 10 հազար ստորագրությամբ նամակ է հանձնվել Կառավարությանը, սակայն որևէ արձագանք չկա։
Զվարթ Խաչատրյան



