«Եթե Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու հետ կապված արձագանք չեղավ՝ մենք կրկին անցնելու ենք հրապարակային աշխատանքների». Գեղամ Օհանյան
Դեռևս 2017 թվականին, երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և բարձրացրել Երևանի փողոցներն անվանափոխելու անհրաժեշտությունը։
Նա առաջարկել էր Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան Հերոսների, Ամիրյան փողոցը՝Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը՝ Մոնթե Մելքոնյանի անուններով։
Հիշեցնենք, որ 2015 «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով» փոխելու նախաձեռնության անդամները կազմակերպեցին ստորագրահավաք՝ Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանափոխելու համար, սակայն այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ։
Փոխարենը՝ Երևանի նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանի որոշմամբ, Ազգալդյանի անունով կոչվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը։ Իսկ Լենինգրադյան փողոցը չանվանափոխելու համար որպես պատճառ՝ Տ. Մարգարյանը վկայակոչել էր այն փաստը, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են և քույր քաղաքներ են:
Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածն Ազգալդյանի անունով կոչելու որոշումն այդքան էլ նախաձեռնության անդամների սրտով չէր, և նրանք որոշել էին, որ ամեն ինչ անելու են՝ Արցախի հերոսի անունով կենտրոնական փողոց ունենալու համար։
2018թ. նոյեմբերի 22-ին՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը, «Խարույկ» արշավական ակումբն անցկացրեց քայլերթ-պահանջ՝ ուղղված հերոսի արժևորմանը։ Նախաձեռնության անդամների հիմնական պահանջն այն էր, որ նոր կառավարությունն Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով պետք է անվանակոչի Երևանի Լենինգրադյան կամ կենտրոնական փողոցներից որևէ մեկը, այդ թվում՝ նրան շնորհի ազգային հերոսի կոչում։ Նախաձեռնության կազմակերպիչ Գեղամ Օհանյանը նոյեմբերին մեզ հետ զրույցում նշել էր, որ այս հարցում հաջողության հասնելու համար հույսեր են կապում նոր կառավարության հետ:
168.am-ը Գեղամ Օհանյանից հետաքրքրվեց, թե քայլերթ-պահանջից անցել են ամիսներ, արդյոք իշխանությունների կողմից որևէ արձագանք կա՞։
«Եթե մոտ ժամանակներս առնվազն ազգային հերոսի կոչում շնորհելու հետ կապված արձագանք չեղավ, ապա մենք կրկին անցնելու ենք հրապարակային աշխատանքների»,- նշեց Գ. Օհանյանը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանը, ով Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանափոխելու նախաձեռնության անդամներից էր, 168.am-ին փոխանցեց, որ Քաղաքապետարանի մեկ պատուհանից վերցրել է բոլոր ստորագրությունների պատճենները, որոնք նախկինում փոխանցել էին քաղաքապետարանին, որպեսզի հարցը վերանայեն։
«Հարցի հետ կապված որոշակի ուշացում կա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ընդգրկված եմ այն հանձնաժողովում, որտեղ քննարկում են բոլոր անվանափոխություններն ու նման առաջարկները։ Դրանք շատ են, հարյուրավոր առաջարկներ կան, սկսած հուշատախտակներից՝ մինչև դպրոցներ անվանափոխելը, ու իմ ընկերներին հասկանալով՝ փորձում եմ այդ հարցը դեռ օրակարգ չբերել»,- նշեց Լևոն Զաքարյանը։
Նա նաև նկատեց, որ Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց ունենալու հետ կապված մեկ խնդիր կա, քանի որ նրա անունով արդեն փողոց կա, և օրենքը թույլ չի տալիս, որպեսզի լինի երկրորդը։
«Այդ պատճառով էլ այժմ պետք է իրավաբանորեն հասկանամ, խորհրդակցեմ նաև Իրավաբանական վարչության հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք օրենքի շրջանակներում հնարավոր է նույն անունով երկրորդ փողոց, կամ արդեն անվանափոխված փողոցը հետ վերանվանել, ամենամեծ խնդիրը հենց այստեղից է սկսվում։ Ես ուզում եմ, որ Ազգալդյանի անունով ներկայանալի փողոց լինի»,- հավելեց նա։
Հարցին՝ մտածե՞լ են հերոսի անունով որևէ դպրոց անվանակոչելու շուրջ, Լևոն Զաքարյանը պատասխանեց, որ դրա մասին մտածում է.
«Այն ջանասիրությամբ, որով փողոցն անվանակոչելու համար աշխատանքներ տարանք, նույն ջանասիրությամբ նաև կմիջնորդեմ, որպեսզի Ազգալդյանի անունով դպրոց լինի։ Եթե փողոց չլինի, ինձ համար լրիվ ընդունելի է այդ տարբերակը։ Հանրային պահանջ կա նաև, որպեսզի Ազգալդյանին տրվի ազգային հերոսի կոչում, իհարկե, սա ավագանու գործառույթը չէ, բայց իմ աջակցությունն եմ հայտնել այն մարդկանց, որոնք այդ մասին սկսել են լուրջ մտածել: Եթե որևէ նախաձեռնություն լինի, նրանց սատարելու եմ»։
Զվարթ Խաչատրյան