
Պլաչիդո Դոմինգոն հրաժարվել է Օլիմպիադա 2020-ի նախաշեմին համերգով հանդես գալ Ճապոնիայում

Իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոն հատուկ համերգով հանդես չի գալու Ճապոնիայում, որը պլանավորվել էր անցկացնել 2020 թվականի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
Նշվում է, որ Դոմինգոն իր որոշման մասին ծանուցել է Խաղեր-2020-ի ճապոնական կազմկոմիտեին: Հատուկ համերգին մասնակցելուց, որի թեման պետք է դառնար ավանդական օպերայի եւ կաբուկի ճապոնական ավանդական թատրոնի համակցությունը, տենորի հրաժարվելու պատճառների մասին չի հաղորդվում: Օգոստոսին ամերիկյան AP-ն հայտնել էր, որ ինը կանայք Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Երեք կանայք, մասնավորապես, հավաստիացրել են, որ Դոմինգոն փորձել է իրենց համբուրել:
Սեպտեմբերին AP-ն հայտնել էր, որ եւս 11 կանայք տենորին մեղադրել են ոտնձգությունների մեջ: Նրանց թվում է ամերիկացի երգչուհի Անջելա Թյոռներ Ուիլսոնը, որը պնդել է, որ Դոմինգոյի կողմից ոտնձգությունների է ենթարկվել 1999-2000 թվականներին Վաշինգտոնի ազգային օպերառում աշխատելու ժամանակ: Մելինդա Մաքքլեյնը, որը 1986-1987 թվականներին ստեղծագործական բաժնի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում Լոս Անջելեսի օպերայում, պնդել է, որ ջանացել է Դոմինգոյին երիտասարդ երգչուհիների հետ մենակ չթողնել փորձի սրահներում, հատկապես եթե նա ինքն է այդ մասին խնդրել: 78-ամյա Դոմինգոն ինքը ընդգծում է, որ «30-ամյա վաղեմության մեղադրանքները չնշված անձանց կողմից չափազանց հուսահատեցնում են»: Ընդ որում, նրա խոսքով, ինքն ինտիմ հարաբերությունների մեջ է մտել միայն փոխադարձ համաձայնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: