Ցուցարարներն այսօր ԿԳՄՍՆ շենքի մոտ չեն գիշերի

Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն ու ԵՊՀ Հայ բանասիրության, Պատմության և այլ ֆակուլտետների ուսանողները ԿԳՄՍՆ շենքի մոտ նստացույց են անում՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Երեկ երիտասարդները գիշերել են նախարարության շենքի մոտ, այսօր այնտեղ մնալ չեն պատրաստվում:

«Շաբաթ-կիրակի այստեղ մարդ չկա, որ որևէ բան պահանջենք իրենից: Պայքարը կշարունակվի երկուշաբթի օրվանից»,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Շաբաթ-կիրակին այն օրերն են, երբ մեր ցանկությունը կատարվում է՝ Արայիկ Հարությունյանն աշխատանքի չի գալիս: Նստացույցը մեր պայքարի գործիքներից մեկն է, հնարավոր է՝ ընթացքում գործիքները փոխվեն: Հնարավոր և անհնար բոլոր ձևերով պայքարելու ենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա»,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:

Այսօր ՀՅԴ երիտթևի անդամների և ուսանողների հետ հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա իրենց ընդառաջ քայլ չեն համարում, բայց ողջունում են, որ Արայիկ Հարությունյանի նման՝ ետնամուտքով չի մտել նախարարություն:

«Ունենք կտրուկ անհամաձայնություններ: Վարչապետը փորձում է ամեն ինչ վերցնել իր վրա և փրկել Արայիկ Հարությունյանին: Գիտակցում ենք, փորձում ենք մեր օրակարգից չշեղվել: Կա ոլորտի պատասխանատու՝ Արայիկ Հարությունյանը, նա պետք է հրաժարական տա և գնա տուն իր սխալ քաղաքականության պատճառով»,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը:

ՀՅԴ երիտթևի անդամները վարչապետի հետ զրույցի ժամանակ նրան հարցրել էին, թե ինչո՞ւ է ԿԳՄՍՆ-ն ֆինանսավորել ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի կյանքի մասին պատմող «Մել» ֆիլմը, այն պարագայում, երբ մերժել են ֆինանսավորել, օրինակ՝ «Հայ ասպետ» հեռուստախաղը:

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր պետությունը ֆինանսավորել է ֆիլմի միայն 20 տոկոսը և այն հատվածը, որը վերաբերում է նրա սպորտային կարիերային: Այսինքն՝ Հայաստանում ցուցադրելու են միայն այդ 20 տոկո՞սը: Հաստատ «Տիտանիկ» ֆիլմի նավի կործանման մասը մի մարդ չի ֆինանսավորել, մնացածը՝ ուրիշը: Առհասարակ Նիկոլ Փաշինյանը փորձեց պաշտպանել իր թիմակցին, ինչը մեզ համար հասկանալի էր»,- ասաց  Գոռ Սարգսյանը:

ՀՅԴ երիտթևի անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ իրենց միանման քնապարկերն ապացույց են, որ իրենք ինչ-որ տեղից ֆինանսավորվում են:

«ՀՅԴ երիտասարդական միությունն այս տարի նշելու է իր 26-ամյակը: Մենք չափազանց ակտիվ ենք, գնում ենք արշավների, բանակումների: Այս գույքը մենք ունենք, Կոմիտասում էլ գրասենյակ ունենք, հրավիրում ենք սուրճ խմելու և հետաքրքրող հարցերը քննարկելու»:

Երիտասարդներին աջակցելու էր եկել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը մեզ հետ զրույցում պնդեց, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն ԿԳՄՍ նախարարի  պաշտոնում, այլ առհասարակ իշխանությունում որևէ անելիք չունի:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու առիթ է դարձել  «Հուզանք ու Զանգ» պերֆորմանսին, Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմին նախարարության տրամադրած  ֆինանսավորումը, ինչպես նաև Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրով ոչ պարտադիր դարձնելու՝ օրենքով նախատեսված փոփոխությունը: Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հրաժարական կտա միայն, երբ ինքը համարի,  որ բավարար չի կատարում  լիազորությունները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս