«Սփյուռքի դաշնակցականները կհորդորեն Արայիկ Հարությունյանին դուրս մղել համակարգից». Աշոտ Սիմոնյան
Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ, երբ արտասահմանում գործուղումների է լինում և հանդիպում Սփյուռքի դաշնակցականներին, տեսնում է, որ «այնտեղ դաշնակցական գործընկերները շատ ադեկվատ են, պատրաստակամ կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չի տեսնում»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն արձագանքելով այս հայտարարությանը՝ զգուշացրեց նախարարին. «Վստահաբար կարող եմ ասել՝ եթե Սփյուռքի մեր կառույցի ղեկավարները գան Հայաստան և ավելի մոտիկից ծանոթանան այն ապազգային գործելաոճին, որը պարոն Հարությունյանը կրթության ոլորտում փորձում է իրականացնել, կհորդորեն հայաստանյան կառույցի դաշնակցականներին ավելի վճռական, արմատական լինել իրենց գործողություններում և օր առաջ Հարությունյանին և նման մտածելակերպ ունեցող անձանց դուրս մղել քաղաքականությունից ու պետական կառավարման համակարգից»:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ