Քաղաքական շանտաժից՝ բուտաֆորիկ մանիպուլյացիա
Արդեն տևական ժամանակ է՝ հանրային ողջ ուշադրությունը սևեռված է ՀՀ կրթության ոլորտում տեղի ունեցող անհասկանալի ու հակաազգային գործընթացներին։ Որոշ շրջանակներ այդ ամենը հերթական անգամ անվանում են «դավադիր ուժերի» ու «ռևանշիստների» կողմից ուղղորդվող պրոցես, սակայն փաստն այն է, որ անգամ ոլորտի պատասխանատուները հստակ փաստում են, որ այն, ինչ տեղի է ունենում՝ հակասում է ՀՀ «Կրթության մասին» օրենքին։
Իհարկե, հեշտ է ցանկացած ձախողման համար փնտրել մեղավորներ, հատկապես այն պարագայում, երբ որպես մեղավոր՝ «նշանակվում» են նախորդ «կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչները։ Միանշանակ է նաև այն, որ, երբ երեկ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) «սուպերնախարարը» հայտարարեց, որ «կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված քրեական գործեր կան, սակայն մենք դրա մասին չենք բարձրաձայնել», ստացվում է, որ Հարությունյանը տեղյակ է եղել ինչ-որ «հանցագործությունների» մասին, սակայն 1,5 տարի այդ մասին լռել է, փաստացիորեն դրանք թաքցրել, եթե, իհարկե, նման հանգամանք գոյություն ունի, և միայն այսօր, երբ պահանջում են նրա հրաժարականը, «հանկարծակի» հիշել է դրանց մասին և բարձրաձայնում է։
Ակնհայտ է՝ Հարությունյանն ու թիմակիցները զբաղված են քաղաքական շատաժով և խոսում են միայն սպառնալիքների լեզվով, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում բնորոշ է իրենց «շեֆին»։ Նաև ակնհայտ է, որ Հարությունյանը Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից է, և նա ոչ մի կերպ չի պատրաստվում պահանջել նրա հրաժարականը, և սա՝ այն դեպքում, երբ այսօր հանրապետությունում կա ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հստակ պահանջ։ Հատկանշական է նաև այն, որ Փաշինյանը դա չի փորձում ոչ կերպ ընդունել, և այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրա անհանգիստ շարժումները վկայում էին հենց դրա մասին։
Երկրորդ՝ կարևոր է փաստել այն, որ Փաշինյանն ուսանողների այդ պահանջը բավականին ջղաձիգ է ընդունում՝ պնդելով, թե «ուսանողների կողմից հայտարարած հանրային դժգոհություն գոյություն չունի»։ Կարևոր է արձանագրել նաև այն դրվագը, որ անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ մանիպուլյատիվ ոճով բարձրաձայնում է «կոռումպացվածության և կաշառքներ չվերցնելու» փաստի մասին։ Փաշինյանն իր խոսքում ևս մեկ անգամ հստակեցրեց գոյություն ունեցող այն տեսակետը, որ ոլորտի համար պատասխանատվությունն ընկած է ողջ կառավարության և անձամբ իր ուսերին։
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Արայիկ Հարությունյանի նկատմամբ կա հանրային անվստահություն, և նախարար նշանակվելուց ընդամենը մեկուկես տարի հետո տարբեր առիթներով հնչող հրաժարականի պահանջը՝ մշակութաբանական «վակխանալիաներից»՝ մինչև հայագիտական առարկաների նկատմամբ կիրառվող ոտնձգությունները, բացահայտ հանրային անվստահությամբ են դրսևորվում։
Պետք է ֆիքսել, որ Հարությունյանի շուրջ ստեղծված դեպքը բավականին ունիկալ է, քանի որ նրա նախորդը՝ Լևոն Մկրտչյանը, երեք անգամ, գումարայինով՝ մոտ 6 տարի, եղել է ԿԳ նախարար՝ իր բոլոր ճիշտ ու սխալ ռեֆորմներով, սակայն երբևիցե հրաժարականի պահանջ չի բարձրացվել կամ բերվել հանրային հարթակ։
Նույնը կարելի է ասել նաև Արմեն Աշոտյանի դեպքում, ով 7 տարի զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը և իրականացրել է կրթության ոլորտի բոլոր ցավոտ ռեֆորմները, և անգամ, այսպես կոչված, օտարալեզու դպրոցների դեմ պայքարի ժամանակ չկար Աշոտյանի հրաժարականի պահանջը։
Այսինքն՝ մարդիկ երկար տարիներ աշխատել են, արել են ռեֆորմներ, սակայն այդ ռեֆորմները երբեք հանրային դժգոհության և հրաժարականի պահանջի չեն վերածվել։ Հետևաբար՝ կարող ենք արձանագրել, որ նախկինների նկատմամբ դժգոհություն կար, բայց կար վստահություն ոլորտային առումով, իսկ Հարությունյանի հանդեպ ոչ միայն դժգոհությունն է առկա, այլ ակնհայտ անվստահության հարց է դրված։
Եվ իզուր է այս հարցը Նիկոլ Փաշինյանը քաղաքականացնում, քանի որ այդ դեպքում ինքն այդ հարվածը վերցնում է նաև իր վրա, իսկ այդ հարվածն իր վրա վերցնելու առաջին քայլերը նա արդեն արել է։ Ըստ էության՝ սա քաղաքական հարց չէ, ընթացող պրոցեսն ավելի շատ զուտ հանրային դժգոհության հարց է, և Արայիկ Հարությունյանը հենց դրանով է տապալված նախարար։ Հարությունյանը ոչ միայն տապալվել է կրթության ոլորտում և չունի համապատասխան կրթության ոլորտի քաղաքականություն, այլև խուսափում է լսել իր ընդդիմախոսներին։ Հարությունյանը հաճախ անպարկեշտ է պահում և նախարարին ու, հատկապես, կրթության պատասխանատուին ոչ հարիր պահվածք դրսևորում: Եթե այս հանգամանքը Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, «չի նկատում», այն տեղափոխվելու է հենց իր ու իր թիմի ուղղությամբ (այն, ինչ հանրության մի մեծ զանգված զգում է փաշինյանական նախարարների նկատմամբ, ավտոմատ կերպով փոխանցվում է նաև նրան): Փաշինյանը երիտասարդների հետ զրույցում, կարելի է ասել, խուճապահար է լինում, երբ խոսք է գնում կառավարության ապազգային ու հակահայկական լինելու մասին՝ «միամտորեն» մոռանալով, որ իր ղեկավարած կառավարության մեծ մասը նախկինում արևմտյան գրանտներով գործունեություն ծավալող և հստակ ոչ մի կրոնական արժեհամակարգ չունեցող անձինք են։
Արմեն Հովասափյան