Եգիպտոսում 37 մարդ է տուժել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային վթարի հետևանքով
Նոյեմբերի 8-ին առնվազն 37 մարդ է տուժել Եգիպտոսում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհայինտրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sada El Balad նորությունների պորտալը: Նրա տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Կահիրեից դեպի հարավ ընկած Սաֆագա-Քենա ճանապարհին:
Ավտոբուսը, որը միջնակարգ դպրոցի 15-16 տարեկան աշակերտների էքսկուրսիա էր տանում Խուրգադու, դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Տուժածների մեծամասնությունը թեթեւ վնասվածքներով եւ քերծվածքներով տեղափոխվել է մերձակա հիվանդանոց: Մի քանի մարդ, որոնք կոտրվածքներ եւ կտրված վերքեր են ստացել, մնում են հոսպիտալում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Եգիպտոսն արաբական երկրների թվում 16-րդ եւ աշխարհում 109-րդ տեղն է զբաղեցնում ճանապարհներին մահացության ցուցանիշով: Ըստ պաշտոնական տվյալների, մահացու ելքով վթարների 80 տոկոսի պատճառը մարդկային գործոնն է եւ միայն դեպքերի 14 տոկոսն է փոխադրամիջոցների տեխնիկական անսարքության պատճառ:
Վերջին մի քանի տարվա ընթացքում Եգիպտոսի իշխանությունները միլիոնավոր եգիպտական ֆունտ են ներդրել ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման եւ ճանապարհներին անվտանգության համակարգերի ստեղծման բնագավառում, սակայն դեռ չի հաջողվում փոխել տխուր վիճակագրությունը: Տեղի բազմաթիվ վարորդներ կոպտորեն խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները, չեն պահպանում արագության ռեժիմը եւ վտանգավոր մանյովրներ են կատարում առաջ անցնելու ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: