«Արայիկ Հարությունյանը որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, նրա հրաժարականը չէիք պահանջի, չէ՞». Նիկոլ Փաշինյանը՝ ցուցարար ուսանողին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ գնում է ՀՀ ԱԳՆ՝ մասնակցելու համար երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը։
Փաշինյանին ԱԳՆ-ի շենքի մոտ, որտեղ տեղակայված է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, դիմավորեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները։
Դաշնակցության երիտասարդական թևի ներկայացուցիչերը վարչապետին փոխանցեցին իրենց պահանջը, ինչպես նաև խնդրեցին ուշադրություն դարձնել նախարար Արայիկ Հարությունյանի կողմից օգտագործվող բառամթերքին, որը նախարարն օգտագործել է ՀՅԴ-ի մասին խոսելիս։
«Արայիկ Հարությունյանը որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, նրա հրաժարականը չէիք պահանջի, չէ՞։ Ես չեմ կիսում այն տեսակետները, որ փորձ է արվում մարդկանց մեջ վախեր սերմանել և օգտագործել մարդկանց ինֆորմացիայի պահանջը։ Մեր Կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»,- իրենց դիմած ՀՅԴ երիտթևի ներկայացուցչին ասաց վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ խիստ կասկածներ ունի, որ Արայիկ Հարությունյանն իր բառամթերքում օգտագործել է բոլոր դաշնակցականներին վիրավորող արտահայտություններ։
ՀՅԴ-ականներից մեկի մեջբերմանը, որ նախարար Հարությունյանն իր ելույթներում ասել է. «Ով խոսի, չխոսի, դաշնակցականներն իրավունք չունեն կրթությունից խոսելու», վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ կծանոթանա Արայիկ Հարությունյանի կողմից արված հրապարակային հայտարարություններին։
Երիտասարդները խոսեցին նաև իրենց հուզող մեկ այլ հարցի՝ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար հատկացված 20 միլիոն դրամի մասին։