Հիվանդները ստիպված են հերթագրվել եւ բուժման համար սպասել իրենց հերթին. «չեք ուզում սպասել՝ վճարեք». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանություններն անընդհատ տարփողում են առողջապահության ոլորտում իրենց հաջողություններն ու ձեռքբերումները‚ սակայն հիվանդանոցների դռներն ընկած մարդիկ արձանագրում են‚ որ վերջին մեկուկես տարվա ընթացքում այս ոլորտում կատարված փոփոխությունները հանգեցրել են շատ ու շատ բացասական հետեւանքների։
Խոսքը‚ մասնավորապես‚ պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդների մասին է։ Եթե նախկինում հիվանդին ընդունում էին հիվանդանոց եւ հընթացս կազմակերպում թղթաբանությունը‚ հիմա ընթացակարգը փոխվել է։ Հաշմանդամության կարգ ունեցողները, եթե պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժման կարիք ունեն‚ նախ պետք է հերթագրվեն։
Անգամ եթե հիվանդի վիճակը ծանր է‚ պետք է փաստաթղթերը ներկայացնեն հիվանդանոց‚ հիվանդանոցը դրանք ուղարկի առողջապահության նախարարություն‚ նախարարությունն էլ կայացնի որոշում՝ հիվանդը պե՞տք է բուժվի պետպատվերի շրջանակներում‚ թե՞ ոչ։ Եվ այդ ամենը տեւում է օրեր։
Անգամ եթե հիվանդի վիճակը ծանր է‚ անհապաղ բուժօգնության կարիք ունի‚ պետպատվերով բուժում ստանալու համար ստիպված է հերթագրվել ու սպասել իր հերթին։ Իսկ եթե հիվանդը դժգոհում է‚ պատասխանը մեկն է՝ չեք ուզում սպասել‚ գումար վճարեք եւ ստացեք ձեր բուժումը։
Ժամանակին‚ երբ նման պատմություններ լսում էինք արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից‚ զարմանում էինք՝ միթե հնարավոր է բուժման կարիք ունեցող հիվանդին հետ ուղարկել հիվանդանոցի դռնից‚ ու հազար անգամ փառք էինք տալիս Աստծուն‚ որ մեզ մոտ նման պրակտիկա չկա։
Տրամաբանությունը հուշում է‚ որ ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը‚ ընթացակարգերի պարզեցմանը‚ բայց այն‚ ինչ վերջին մեկուկես տարում պարտադրում են մեզ (տվյալ դեպքում՝ առողջապահության ոլորտում)‚ լրիվ հակառակ տրամաբանությունն ունի։ Նույն կերպ դժգոհում են նաեւ պոլիկլինիկաների այցելուները։ Ցանկացած բժշկի մոտենալիս նախապես պետք է հերթագրվեն‚ ժամ նշանակեն‚ ինչը‚ սակայն‚ չի գործում։ Թեեւ նշանակված ժամ կա‚ սակայն քաղաքացիները ստիպված են լինում ժամերով սպասել բժշկի մոտ մտնելու համար։
Ընդ որում‚ կատարված փոփոխություններից դժգոհ են ոչ միայն հիվանդները‚ այլեւ բժիշկները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: