Ջեյմս Դինը մահվանից ավելի քան 60 տարի անց «խաղալու է» նոր ֆիլմում. The Hollywood Reporter
Դերասան Ջեյմս Դինի պատկերը, որը զոհվել է 1955 թվականին, վերստեղծելու են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ: Այդ մասին, ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, ստացված թվային կրկնօրինակը «խաղալու է» «Փնտրելով Ջեկին» կինոնկարում։
Magic City Films ստուդիան Ջեյմս Դինի պատկերն օգտագործելու իրավունքը ձեռք է բերել նրա ազգականներից: The Hollywood Reporter-ի տվյալներով, դերասանի «իրական տարբերակն ստեղծելու վրա աշխատելու են Image Engine եւ MOI Worldwide ընկերությունները՝ օգտագործելով տեսանյութերը եւ լուսանկարները: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Դինին հնչյունավորելու է մեկ այլ դերասան:
Հրատարակությունը տեղեկացնում է, որ դերասանը խաղալու է կարեւորությամբ երկրորդական՝ Ռոգան անունով հերոսի դերը: Որպես կինոնկարի դերասաններ հանդես են գալու Անտոն Էռնստը եւ Թաթի Գոլիխը, որոնք հիմնել են Magic City Films-ը: «Մենք շատ ենք հպարտանում, որ նրա (Ջեյմս Դինի) ընտանիքն աջակցում է մեզ եւ նախազգուշական բոլոր միջոցները ձեռնարկում, որպեսզի նրա՝ որպես ամենավիթխարի կինոաստղերից մեկի, ժառանգությունը մնա ամբողջության մեջ»,-հայտարարել է Էռնստը: Պլանավորված է, որ «Փնտրելով Ջեկին» կինոնկարը վարձույթ կմտնի 2020 թվականի նոյեմբերին:
Ֆիլմը լինելու է Հարեթ Քրուքերի՝ Վիետնամի պատերազմի վերջի իրադարձությունների մասին պատմող համանուն վեպի էկրանավորումը: Սյուժեն ներկայացնում է ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված ավելի քան 10 հազար շների պատմությունը, որոնց լքել են: Ջեյմս Դինը մահացել է 1955 թվականին ավտովթարից՝ 24 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է խաղալ ընդամենը մի քանի նշանավոր դերեր: «Դրախտից դեպի արեւելք» եւ «Հսկան» ֆիլմերի համար նա անվանակարգվել է «Օսկար» մրցանակի: