«Ես երջանիկ եմ մենակ լինելով. ես դա համարում եմ «գործընկերություն ինքս ինձ հետ». Էմմա Ուոթսոն
Հարրի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը Vogue-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է երջանիկ, որ մենակ է։ Բրիտանացի դերասանուհին խոստովանել է, որ դեռ վերջերս անհանգստանում էր այն բանի պատճառով, որ շուտով (ապրիլի 15-ին) լրանալու է իր 30 տարին, իսկ ինքը դեռ չի ամուսնացել:
«Եթե շուտով լրանալու է ձեր 30 տարին, բայց դուք չունեք ամուսին, երեխա, դա ձեզ անհանգստություն է պատճառում»,-ասել է Ուոթսոնը:
Սակայն, նրա խոսքով, իրեն հաջողվել է հաղթահարել այդ մտքերը եւ ընդունել իրավիճակը: «Ես երբեք չէի հավատում այն մարդկանց, որոնք ասում էին. «Ինձ դուր է գալիս մենակ լինելը»: Իսկ այժմ ես ինքս եմ երջանիկ մենակ լինելով: Ես դա համարում են «գործընկերություն ինքս ինձ հետ» եւ ինքնակատարելագործում»,-բացատրել է Էմման:
Այժմ Մեծ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն ակտիվորեն զբաղվում է «Փոքրիկ կանայք» ֆիլմի առաջմղմամբ, որում նա խաղացել է: Կինոնկարն էկրան դուրս կգա 2020 թվականի հունվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: