Կրթական քաոս․ «էս խմորը շատ ջուր է վերցնելու»

Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ ազգի, որն ունի ընդգծված պահպանողական և ավանդույթներին հավատարիմ կեցություն, կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին, որոնցից առաջնայինների թվում է կրթությունը, քանի որ յուրաքանչյուր ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն։

Հենց այս երկու արժեհամակարգերն են, որ դարերի ընթացքում եղել են հայկականության և հայ տեսակի պահպանման և սեփական դիմագիծը չկորցնելու հիմնական հանգուցակետերը։ Առանց պաթոսի ու ռազմահայրենասիրական քարոզի պետք է փաստել, որ հայ ազգն այսօր կանգնած է լուրջ հանգրվանի առաջ։

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծն է, ըստ որի՝ բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, իսկ դպրոցական առարկաների ցանկից նախատեսվում է հանել Հայ եկեղեցու պատմություն առարկան։ Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունն իր մեջ ունի և արժեհամակարգային, և սոցիալական բաղադրիչ։

Նախ՝ եթե հարցին նայում ենք քաղաքակրթական տեսանկյունից, ապա պարզ և նկատելի է, որ կրթության բնագավառում ընդգրկված պատասխանատուները հիմնականում ոչ ազգային արժեհամակարգերի կրողներն են, նրանց իրենց խոսքում գրեթե չեն օգտագործում ազգ, ազգային, ավանդական, հայկական ձևակերպումներ, այլ այդ ամենը փորձում են ավելի գլոբալ, լիբերալիստական ձևակերպումներով մատուցել հասարակությանը։

Սոցիալական բաղադրիչը կապված է այն հանգամանքով, որ նման կրճատումների շղթային հաջորդելու է բավականին մեծ թվով պրոֆեսորադասախոսական բլոկի կրճատում, ինչպես նաև իրենց աշխատանքից զրկվելու են Հայ եկեղեցու պատմություն դասավանդող ուսուցիչները: Ասել է թե՝ այս կրթական «բարեփոխում» ասվածը նույնպես հերթական չհաշվարկված ու ռիսկային որոշումների շարքից է, երբ ընդունվում է որոշումը, հետո նոր միայն՝ գնահատվում ռիսկերը։

Կարելի է վստահաբար պնդել, որ հայագիտական առարկաների նկատմամբ կիառվող դեմարշը կապված չէ միայն Արայիկ Հարությունյանի հետ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սևեռվում են Հարությունյանի վրա, չեն ուզում խոստովանել, որ խնդիրն ավելի խորքային է և գնում է այլ ուղղությամբ։ Երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան «լայվով» միացավ այս կրթական քարոզին, իրավիճակի ողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին՝ ստանձնելով այս գործընթացի պատասխանատվությունը։ Նման ճյուղային ոլորտի նեղ խնդրի մեջ մտնելով՝ Փաշինյանը փաստացի ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ իշխանական «բրիգադը» հասարակությանը չի կարողացել պատշաճ աստիճանի հասցնել իրականացվող քաղաքականության բուն ասելիքը:

Ինչպես արդեն ականատես ենք լինում քանիցս, յուրաքանչյուր իշխանական, այսպես ասած՝ «պռավալի» դեպքում՝ թեմայի մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանը և փորձում է իրավիճակին նախ՝ գնահատականներ տալ, ապա նաև՝ արդարացումներ գտնել։ Փաշինյանն իր հերթական «լայվում» փորձում էր հանրությանը համոզել, որ կառավարության նախաձեռնած այս հակահայկական դեմարշը հիմնավորված է և իր մեջ որևէ հետին մտայնություններ չունի: Մանիպուլյատիվ հնարքները, որ Ն. Փաշինյանը նման դեպքերում օգտագործում է հանրության հետ շփվելիս, հայտնի են բոլորին:

Ի դեպ, իր այդ «լայվի» ժամանակ Փաշինյանն ակնհայտորեն հանրությանը հերթական անգամ խաբեց, քանի որ բերելով այն հիմնավորումը, թե՝ «Հայ եկեղեցու պատմությունը միացնենք Հայ ժողովրդի պատմության առարկային, չէ՞ որ դրանք անբաժան են», նա մոռացավ մի կարևոր բաղադրիչ, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ «ՀՀ-ն ճանաչում է եկեղեցու բացառիկ առաքելությունը հոգևոր կյանքի պահպանման և ազգային ինքնության պահպանման հարցում»։

Այսինքն՝ եկեղեցին այս առումով չի կարող դասվել աշխարհիկ կարգի երևույթների շարքին, նրա դերը բացառիկ է, ինչպես նաև առաքելությունը, իսկ սա նշանակում է նաև, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հիմքը Մայր օրենքն է։ Հավելենք նաև, որ առարկայի դասավանդման հարցը եկեղեցու համար այդքան էլ առանցքային ու գերկարևոր հարց չէ, քանի որ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնություններն ու հիմնահարցերն այս առումով ավելի խորքային են ու ֆունդամենտալ։ Ուղղակի կա մի պատմական ճշմարտություն․ մեր եկեղեցին ունի հատուկ հարմարվողականության շնորհ և դարերի ընթացքում կարողացել և այժմ էլ կարողանում է հանդուրժել ու համագործակցել ցանկացած աշխարհիկ իշխանության հետ։

Այնուամենայնիվ նշենք, որ այս ողջ պատմության պատասխանատուն Արայիկ Հարությունյանը չէ՝ իր «սորոսական» փոխնախարարներով, ֆուտուրիստական ներկայացումներ հովանավորելով. Այս կրթական քաոսի ողջ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Այնպես որ, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «էս խմորը շատ ջուր է վերցնելու»:

 Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս