ՀՅԴ երիտթևի անդամները կգիշերեն ԿԳՄՍՆ-ի դիմաց
Այսօր առավոտից ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամներն ակցիա էին անում նախ՝ Կառավարության, ապա՝ ԿԳՄՍ նախարարության շենքերի մոտ, նրանց էին միացել նաև ուսանողներ ԵՊՀ Հայ բանասիրության, Պատմության և այլ ֆակուլտետներից: Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառները մի քանիսն են. նախարարության ֆինանսավորած «Հուզանք ու զանգ» պերֆորմանսը, Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների բուհական ծրագրով ոչ պարտադիր դարձնելը, Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը:
«Մեր կրթության ոլորտը խնդիրներ ուներ տարիներ շարունակ, շատ խնդիրներ նոր չեն: Երբ Արայիկ Հարությունյանը եկավ նախարար, կարծում էինք, որ այս ոլորտում կլինեն բարեփոխումներ, և կրթության ոլորտը կզարգանա, բայց այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: Այն ինստիտուտներն ու դպրոցները, որոնք բացվում են, օրինակ՝ Չինական դպրոցը, նախկին նախարարների ձեռնարկածն է, որն ինքն ուղղակի շարունակում է: Այս ֆոնին տեսնում ենք՝ իրենց ճաշակով ինչ-որ դեկորատիվ փոփոխություններ են լինում, ֆիլմեր են նկարվում, որոնց մտադրություններն անհայտ են, «Մել» ֆիլմի մասին է խոսքս, որը նկարահանվելու է մեր հարկերի հաշվին, և պարզ չէ, թե ի՞նչ մեսիջ են ուզում տալ մեր սերունդներին: Ներկայացման համար են գումար տալիս, որը, դեռ նոր պետք է մասնագետները պարզեն՝ արվե՞ստ է, թե՞ արվեստ չէ»,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարն անցնում է կարմիր գծերը՝ բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելով Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե կարծի, որ իր լիազորությունները բավարար չի կատարում:
ՀՅԴ երիտթևի անդամ Գոռ Սարգսյանը պնդում է, որ, եթե նախարարը նման հայտարարություն է արել, ուրեմն իրավիճակին լավ չի տիրապետում:
«Եթե մի պահ քաշվի կողքի և տեսնի իր նախարարության աշխատանքը, ապա կհամոզվի, որ արդեն իր հրաժարական տալու ժամանակն է, այն, ինչ ինքը նշել է, արդեն եկել ու անցել է, վաղուց պետք է հրաժարական տար: Կարծում եմ՝ մենք այս ակցիայով իրեն կհասցնենք այդ ազդակը, որ ինքը չի տիրապետում իր պաշտոնին, և հրաժարական կտա»,- ասաց Գոռ Սարգսյանը:
ՀՅԴ երիտթևի անդամ Գևորգ Մովսիսյանը, ով, մոտ 4 տարի է, ինչ Իրանից Հայաստան է տեղափոխվել, մարզիկ է, ասում է՝ Սպորտի նախարարի դերում Արայիկ Հարությունյանին չի պատկերացնում:
«Ակտիվ զբաղվում եմ սպորտով: Ես հետևել եմ ՀՀ-ում սպորտի վերաբերյալ լուրերին, երբեք չեմ լսել Արայիկ Հարությունյանի անունը և համաձայն չեմ, որ ինքը ղեկավարի այդ ոլորտը»,- ասաց Գևորգ Մովսիսյանը:
Երիտասարդները պնդում էին, որ պատրաստվում են գիշերել ԿԳՄՍ նախարարության դիմաց, նրանք իրենց հետ քնապարկեր էին բերել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ