«Հայաստանի համացանցային ազատությունը կարող է տուժել, եթե ընդունվի ՀԾԿՀ որոշման նախագիծը». Սամվել Մարտիրոսյան

Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցի համաձայն՝ Հայաստանը բարելավել է  դիրքերը: Այս տարի մեր երկիրը զբաղեցրել է 8-րդ տեղը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հետխորհրդային տարածքում  մենք մեր դիրքերը  զիջում ենք միայն Էստոնիային:

«Վրաստանը միշտ մեզանից առաջ էր, այս տարի մենք ընկանք Վրաստանից էլ առաջ, շատ չէ, բայց առաջ ենք անցել: Հետխորհրդային տարածքում մենք միայն Էստոնիայից ենք հետ, շատ առաջ ենք անցել: Աշխարհում անընդհատ անկում է դիտվում համացանցային ազատության ոլորտում՝ բացառությամբ մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի:  Ամբողջ աշխարհը գնում է դեպի համացանցի սահմանափակում, այդ թվում՝ նաև դեմոկրատական երկրները»:

Freedom House-ի զեկույցների տվյալներով՝ Հայաստանում համացանցն ազատ է եղել գրեթե միշտ, պնդում է Սամվել Մարտիրոսյանը, կիսաազատ դիրքում հայտնվել է միայն 2017-ին, երբ «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը և հայտարարություն տարածեցին համացանցով, ինչից հետո հանրության մի հատվածի համար մի քանի ժամով ինտերնետն արգելափակվեց:

«Հեղափոխությունից հետո Հայաստանում համացանցի ազատությունն աճեց երկու անգամ՝ արձանագրվել էր պետության կողմից բացահայտ տնտեսական և քաղաքական ճնշումների, բռնության ակնհայտ դեպքերի բացակայություն:

Բայց կան նաև խնդիրներ: Կարևորը Yerevan Today-ի նկատմամբ ուժայինների գործողություններն էին, երբ առգրավվել էր լրատվամիջոցի տեխնիկան: Հայաստանում դա լուրջ չընկալվեց, բայց միջազգային իրավապաշտպան պրակտիկայում տեխնիկայի առգրավումը համարվում է բավականին վտանգավոր երևույթ, որովհետև, օրինակ, վտանգվում են լրատվամիջոցի գաղտնի աղբյուրները, մինչդեռ աղբյուրի գաղտնիությունը մեզ մոտ պաշտպանված է օրենքով»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետի պնդմամբ՝ Հայաստանի վարկանիշի վրա ազդում են նաև արտերկրից եկող հարձակումները, օրինակ՝ ադրբեջանական հաքերների հարձակումները հայ օգտատերերի վրա, կամ այլ երկրից՝ լրատվամիջոցների հրապարակումներից հետո լրագրողների և լրատվամիջոցների օնլայն հաշիվների արգելափակումները: Վարկանիշի վրա ազդում է նաև տնտեսության վիճակը, քանի որ 30 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանում ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ օգտվել համացանցից:

Ըստ փորձագետի՝ ցուցանիշի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ ՀԾԿՀ-ի որոշման նախագիծը՝ «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին», որը նախատեսում է երկու տարով արխիվացնել բաժանորդների IP հասցեները, պորտի համարները, հեռախոսահամարները, բաժանորդների շարժական սարքերի մասին տվյալները, էլեկտրոնային հասցեները, հաղորդակցությունների ամսաթիվը, ժամը:  Ըստ փորձագետի՝ սա երկակի կիրառման նախագիծ է:

«Սա կարող է ունենալ դրական հետևանքներ, օրինակ՝ հանցագործների բացահայտում, բայց այս պարագայում մենք բոլորս համարվում ենք պոտենցիալ հանցագործներ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս տվյալների օգտագործմամբ կարելի է բացահայտել այն մարդկանց, որոնք ցանցում ուզում են մնալ անանուն: Իրավապահներն ասում են՝ դրանից օգտվում են  հանցագործները, բայց մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, որտեղ մարդու անանուն լինելը համարվում է խոսքի ազատությանն օժանդակող հիմնարար սկզբունքներից մեկը: Ավելին, մեր պետությունն ընդունել է «Ազդարար»-ի ինստիտուտը, երբ մարդը կարող է բացահայտել գաղտնագրված մի երևույթ, որի մասին, կարևոր է, որ հանրությունն իմանա, այնտեղ հստակ նկարագրված է, թե ինչպես  կարող է մարդն իրեն քողարկել, բայց այս համակարգը եթե սկսի աշխատել, կբացահայտվեն այդ մարդիկ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

ՀԾԿՀ-ն ի պաշտպանություն որոշման նախագծի՝ օրինակ է բերում Եվրամիության 2005թ. նույն որոշումը: Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ դրանից  10 տարի հետո Եվրադատարանը հակառակ որոշում է կայացրել՝ արխիվների պահպանումը համարելով անհամաչափ գործիք, քանի որ անձնական տվյալների շատ լուրջ մշակում է տեղի ունենում:

Հայաստանում անձնական շատ տվյալներ առանց այդ էլ հասանելի են: Օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կարելի է գտնել բոլոր ընտրողների անուն-ազգանունները, ծննդյան թիվը, բնակության հասցեները:

«Եթե օրինակ դու մասնակցել ես ընտրության, ապա Ոստիկանության սերվերում պահպանվում է նաև քո ստորագրությունը, որը կենսաչափական տվյալ է: Էլեկտրոնային վճարումների համակարգերից, որտեղ դուք կարող եք Ձեր կոմունալ վճարումները կատարել, ևս կարելի է տվյալներ «քերել»: Այս ամենը եթե համադրվում է, ապա մարդու մասին չափից ավելի մեծ ինֆորմացիա կարելի է ստանալ, որը մարդկանց դարձնում է խոցելի»:

Մեդիափորձագետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ հանրային հետաքրքրությունն այս հարցի շուրջ բավականին թույլ է, բայց այս տվյալները փակ չեն նաև արտերկրի համար: Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս չսպասել, որ այս հարցերն իշխանությունն ինքնուրույն կլուծի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Տեսանյութեր

Լրահոս