«Ես կարծում եմ, որ բանական մարդը, եթե այս թվերն իրար կողք դնի, կհասկանա, որ այստեղ ակնհայտորեն որոշակի շահարկումների տեղ կա». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 900 մլն դրամից ավելի գումար է հատկացրել ազգային, կամերային, դասական ոլորտներին, Արցախի խնդիրներին, տարբեր կրթական հարցերի, և միայն 0,3 տոկոսը՝ փորձարարական ինչ-որ մի միջոցառման: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 2,7 մլն դրամ:

«Ես կարծում եմ, որ բանական մարդը, եթե այս թվերն իրար կողք դնի, կհասկանա, որ այստեղ ակնհայտորեն որոշակի շահարկումների տեղ կա: Նորից եմ ուզում խնդրել, ասել, որ սրանք բարդ գործընթացներ են, դեռ ժամանակ է պետք, որ պարզաբանումների, հարցազրույցների, հանդիպումների, տարբեր խմբերի հետ քննարկումների արդյունքում պետք է պարզաբանվեն: Ջրերը կզուլալվեն, բոլորը կհասկանան, որ նախարարությունը վարում է բացառապես պետության ու մեր ժողովրդի շահերից բխող քաղաքականություն, և չտրվեն որոշակի շահարկումների»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ամբողջությամբ չի դիտել այդ ներկայացումը: «Դիտել եմ միայն այն հատվածները, որոնք կային մամուլում, համացանցում, որտեղ փորձ էր արվում խոչընդոտվել: Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց հետո մասնագետները գնահատում են, թե որքանով է դա համապատասխանում դրված նպատակներին»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում են ուժեղացնել դպրոցներում հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցումը:

Տեսանյութեր

Լրահոս