«Այս ամենն արվում է Ռուսլան Բաղդասարյանի անունն ու բարի համբավը վարկաբեկելու համար». փաստաբան
Այսօր երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։
Նշվում էր նաև, որ ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9.000.000 դրամից ավելի գումար։
168.am-ի հետ զրույցում Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ նախնական քննության գաղտնիության սկզբունքի խախտմամբ այս գործընթացը ձեռնարկվել է Ռուսլան Բաղդասարյանի անունն ու բարի համբավը վարկաբեկելու համար:
Նա հավելեց, որ իրենք բացարձակապես չեն ընդունում վերոնշյալը, ու համարում է, որ կոպտորեն խախտվել է իր վստահորդի անմեղության կանխավարկածը: «Հաղորդագրության մեջ հրապարակվածը ու պատրաստված տեսանյութը ուղղակիորեն միտում ունեն վարկաբեկել Ռուսլան Բաղդասարյանին, քանի որ ներկայացված են որպես հաստատված փաստեր, մինչդեռ նյութերի նախապատրության փուլում, երբ «ստացած տվյալները» դեռ չեն ստուգվել և գնահատվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, նման լրատվական արշավի գնալը անընդունելի և անթույլատրելի»,-ասաց փաստաբանը: Վերջինս նաև նշում է, որ իր վստահորդն անգամ չի հրավիրվել բացատրություն տալու, որի ընթացքում հնարավություն կունենային ներկայացնել առաջադրված տվյալների և հարցերի վերաբերյալ պարզաբանումներ: Իրենք էլ բոլորի նման այդ մասին տեղեկացել են քիչ առաջ մամուլի հրապարակումներից:
«Այս ամենն արված է լոկ Ռուսլան Բաղդասարյանի բարի անունն ու համբավն արատավորելու նպատակով, և չի բացառվում, որ այս ամենը կապ ունի այն հանգամանքի հետ, որ Ռուսլան Բաղդասարյանը անխնա քննադատության է ենթարկում քաղաքային իշխանություններին»,-ասաց Հրանտ Անանյանը` նշելով, որ նյութերի նախապատրաստական 10-օրյա ժամկետում դժվար էր այդ ծավալի ուսումնասիրություններ և քննություն ծավալել, ինչի վերաբերյալ խիստ վաղաժամ հրապարակում եղավ:
«Այդ ե՞րբ հասցրին այդքանն ուսումնասիրել և հիմնավորել՝ իրավունք վերապահելով հանրությանը իրազեկել: Հնարավո՞ր էր այդքան կարճ ժամանակահատվածում 2012-2018թթ. իրադարձություններ ուսումնասիրել և դրանք դակել «հափշտակություն» եզրույթի ներքո»,- տարակուսեց փաստաբանը:
Դիտարկմանը, թե փաստորեն Ռուսլան Բաղդասարյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի, փաստաբանը հայտնեց, որ, իհարկե, չունի:
Իսկ թե կսպասեն իրավապահների հետագա գործողություններին թե իրենք որոշակի քայլեր կձեռնարկեն` կապված այս հրապարակման հետ, Հրանտ Անանյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկել Ռ.Բաղդասարյանի հետ. ասաց, որ կքննարկեն ու կորոշեն իրենց անելիքը օրինակության շրջանակներում:
Գոհար Սավզյան