«Անհասկանալի է հետհեղափոխական Հայաստանում մեկի աշխատավարձի 10 տոկոսով բարձրացումը, մյուսի զրահապատ մեքենան».  Տիգրան Ուրիխանյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168 TV«Ռեվյու» հաղորդման եթերում հայտարարեց, որ դեմ է հայագիտական առարկաները հայեցողական դարձնելու՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծին, ասելով՝ հայեցողական են դարձնում, որ ի՞նչ անեն։

«Ես հայ եմ, հայաստանցի եմ, սիրում եմ իմ հայրենիքը և ուզում եմ իմ ազգի մշակույթը, կենցաղը, պատմությունն ու ավանդույթները տեսնել մնայուն և կայուն՝ ընդ որում՝ չլինելով հետամնաց, ինչպես ոմանք ասում են, և բավականին լավ հետևելով համաշխարհային առաջավոր փորձին բոլոր ոլորտներում»,-ասաց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ նախևառաջ պետությունը պետք է կարողանա ուսուցիչների համար ապահովել ամենատարրական սոցիալական պայմանները, հետո մտածի կրթության արդիականացման մասին։

Դիտարկմանը՝ Կառավարությունը բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձերը՝ Ուրիխանյանն արձագանքեց.

«10 տոկոսո՞վ, 1.5 տարվա մեջ՝ 10 տոկոսո՞վ. բա մարդկանց ասում էին, որ լավ են ապրում։ Եթե չկա միջոց, ուրեմն չկա միջոց բոլորի համար, ոչ թե նախարարների համար կա 1.5 միլիոնանոց աշխատավարձ, պատգամավորների համար կա բարձր աշխատավարձ, այդ թվում՝ աշխատող-չաշխատող կապ չունի։ Անհասկանալի է հետհեղափոխական Հայաստանում մեկի 10 տոկոսը, մյուսի զրահապատ մեքենան. եթե սոված են, ուրեմն բոլորն են սոված»։

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է կամ հրաժարական տա, կամ նրան պետք է Փաշինյանը պաշտոնանկ անի։

«Նա զբաղված է այս կառավարության վարկանիշը գետնով տալով. դա իմ տպավորությունն է»,- ասաց Ուրիխանյանը։

Պատգավորի փոխանցմամբ՝ ցավալի է, որ այն ամենը, ինչի համար քննադատվել է նախորդ իշխանությունը, այսօր պահում և պահպանում են։

«Վարչապետի համար թվարկեցի 15 կետ, ասացի, որ ժողովուրդը մեզ մեղադրում է, որ մենք, որ Ձեզ հետ պայքարում էինք այդ կետերի դեմ, հիմա պահում, պահպանում և ամրապնդում եք դրանք, և դրա մեջ է մտնում նաև տնտեսական հեղափոխությունը։ Մի՞թե 4.9 տոկոս տնտեսական աճը տնտեսական հեղափոխության արտահայտություն է»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչպես բացատրի մարդկանց, որ ամեն ինչ լավ կլինի։

Պատգամավորն ընդգծեց, որ, եթե նախկինում աջակցում էր իշխող քաղաքական ուժին, այժմ հիասթափություն է ապրում։

Տիգրան Որիխանյանի կարծիքով, եթե երկրում տիրող իրավիճակն այսպես շարունակվի, չի բացառվում, որ դրվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նոր իշխանափոխության պահանջ։

«Եթե այսպես շարունակվեց, հենց այդպես էլ լինելու է»,- ասաց նա։

Տիգրան Ուրիխանյանին հարց ուղղեցինք նաև «Մարտի 1»-ի գործից անջատված մասով՝ Ռոբերտ Քոչարյան և մյուսներ դատաքննության  ընթացքի մասին։

«Չեմ ցանկանում մտնել այդ քրեաքաղաքական թնջուկին վերաբերող որևէ իրադարձության մեջ. դա իմը չէ։ Թող պարզեն, բայց ես ուզում եմ, որ 10 մարդ սպանած մարդիկ իրենց պատասխանատվությունը կրեն։ Կրկնում եմ՝ 10 մարդ սպանած մարդկանց բացահայտման գործընթաց գնո՞ւմ է, թե՞ոչ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս