Նունե Սարգսյանը և Վլասիա Պավլոպուլուն այցելել են մշակութային կենտրոններ
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում Վլասիա Պավլոպուլուն նշել է, որ շատ տպավորված է պատմամշակութային ժառանգության ներկայացված ցուցանմուշներով: «Դրանք հերթական ապացույցն են այն բանի, որ մեր երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ»,-նշել է Հունաստանի նախագահի տիկինը՝ հավելելով, որ երկու երկրների ընդհանուր անցյալը մեծապես նպաստում է բարեկամական կապերի ամրապնդմանը:
Նունե Սարգսյանը նշել է, որ երկու երկրները միշտ եղել են բարեկամ և օգնել իրար: «Այս այցը կարևոր է մեր բարեկամությունն ամրապնդելու համար»,-ասել է Հայաստանի նախագահի տիկինը՝ ավելացնելով, որ Վլասիա Պավլոպուլուի հետ քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: