Երևանից Թբիլիսի քաղաքապետը մեկնում է ինքնաթիռով
Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:
Այդ առումով վարչապետին չեն զիջում նաև իր թիմի անդամները և, մասնավորապես, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբևէ Վրաստան որևէ մեկն ինքնաթիռով մեկներ:
Ընդ որում, գործուղման մասին Երևանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երևանի 2019թ. բյուջեն:
Ի դեպ, այն, որ Հայկ Մարությանը Թբիլիսի է մեկնել օդային ճանապարհով, վկայում է համացանցում հոկտեմբերի 6-ին տեղադրված տեսանյութը, ուր լրագրողը Հայկ Մարությանի հետ զրուցում է օդանավակայանում: Վերջինս պատմում է, թե ինչ նպատակով էր գտնվում Թբիլիսիում:
Փաստորեն, Երևան-Թբիլիսի ճանապարհը Հայկ Մարությանը միայն ինքնաթիռով պետք է անցնի:
Գոհար Սավզյան