Բաժիններ՝

«Հեղափոխությունից հետո դադարեցվել է երիտասարդ գիտնականների ֆինանսավորման ծրագիրը». ԵՊՀ ասպիրանտ

Այսօր ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորհրդարանական քննարկման ժամանակ մի շարք երիտասարդ գիտնականներ եկել էին «Հզոր գիտություն, հզոր Հայաստան» գրությամբ շապիկներով։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ասպիրանտ Սուսաննա Գևորգյանը նշեց, որ նման շապիկներ կրելով՝ ցանկանում են ասել, որ գիտությունը երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունի, ուստի այդ ոլորտին պետք է ցուցաբերվի պատշաճ ուշադրություն։

«Մեծ ներդրումներն առաջին հերթին՝ պետք է լինեն գիտության և կրթության ոլորտում, քանի որ այդ ներդրումներով է կառուցվում վաղվա ապագան։ Երիտասարդ գիտնականների վերաբերյալ պետք է ասեմ, որ հեղափոխությունից հետո դադարել է նրանց ֆինանսավորման ծրագիրը, և արդեն 1,5 տարի է՝ ծրագիրը չի գործում։ Իր երկարատև գործունեության ընթացքում ծրագրով տարեկան միջինը 300 գիտնական հնարավորություն է ստացել միջազգային գիտաժողովների, դասընթացների մասնակցել, նյութեր ու սարքեր ձեռք բերել, խրախուսվել են հոդվածների տպագրության համար, և այլն։ Կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի նոր ծրագրի վերսկսման, ինչպես նաև՝ ֆինանսավորման ավելացման ուղղությամբ, նույնիսկ 100 մլն դրամի պայմաններում, ծրագիրը կարողացել է ապահովել բարձր արդյունավետություն»,- նշեց Ս. Գևորգյանը։

Նա հիշեցրեց, որ երիտասարդ գիտնականների ֆինանսավորման ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, իսկ հետհեղափոխության շրջանում հիմնադրամի հետ խնդիրներ առաջանալուց հետո  ծրագիրը դադարել է գործել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս