Համալսարաններում մասնագիտացված հայոց լեզու պետք է դասավանդել. Վովա Վարդանով
«Երբ համալսարաններում մասնագիտացված հայերեն չեն սովորում, այլ պարզապես հայոց լեզու՝ իրենց պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուհերում Հայոց լեզուն, Հայ գրականությունն ու Հայոց պատմությունը պարտադիր ուսուցման առարկաների ցանկից հանելու մասին օրենքի նախագծին՝ ասաց ազատամարտիկ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը:
Ըստ նրա՝ այսօր համալսարաններում պետք է փոփոխություններ կատարվեն ու բարձրացվեն տվյալ մասնագիտությանը համապատասխանող հայոց լեզվի ուսուցման մակարդակը:
«Մենք պիտի աշխատենք համալսարաններում մասնագիտացված հայոց լեզու դասավանդել: Դա կբերի նրան, որ իմ նման մարդիկ, որոնք մտածում են ռուսերեն, հետո թարգմանում են հայերեն, քչանան»,- ասաց Վարդանովը:
Նախկին հետախույզը հաճախ է իր ելույթներում կրկնում, որ ներքին ու արտաքին անվտանգության ապահովման տեսանկյունից գոնե Հայաստանը պետք է իսկապես անկախ պետություն լինի: Շատերի համար Հայաստանի անվտանգությանը սպառնացող գործիք է վերջին շրջանում հաճախ քննարկվող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
«Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ մի բան կարող եմ ասել: Ես դրան դեմ եմ, ստորագրել եմ դրա դեմ: Դեմ եմ մի հասարակ բանի պատճառով: Իմ կարծիքով՝ դիվանագիտական խաղերը պարտադիր չի, որ դառնան մեր առօրյայի մաս: Դիվանագիտական խաղեր անում եք՝ արեք, ինչ ուզում եք՝ ստորագրեք, վավերացում պարտադիր չի»,- ասաց Վարդանովը:
Իսկ վերջին շրջանում մեկ այլ աղմկահարույց միջոցառման՝ «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման մասին խոսելիս՝ մի բան ասաց. «Ես զզվելի բաների մասին չեմ խոսում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ