«Արայիկ Հարությունյանը ժամանակին պայքարում էր օտարալեզու դպրոցների դեմ, ինչպե՞ս կարող են նրան մեղադրել լեզվին թշնամանքով վերաբերվելու համար». Հովհաննես Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ սխալ է ներկայացվում այն հարցը, թե օրվա իշխանությունները դեմ են ազգային ինքնությանը, հայոց լեզվին, եկեղեցուն, և այլն։

Ըստ նրա՝ այս ամենը բացարձակ սուտ է։ «Գաղտնիք չէ, որ նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակին պայքարում էր օտարալեզու դպրոցների դեմ, հայոց լեզվի պահպանման համար, ինչպե՞ս կարող են նման մարդուն մեղադրել հայոց լեզվին ինչ-որ թշնամանքով վերաբերվելու համար, սա անհեթեթություն է»,- նշեց Հ. Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողության կողմից այսօր անցկացված բողոքի ակցիային։

Նա նաև նկատեց՝ օրենքի նախագիծը դեռ դրված չէ «e draft» կայքում և դեռևս վերջնական քննարկումների փուլը չի անցել, սակայն տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Նա կոչ արեց սպասել, մինչև օրենքի նախագիծը կդրվի «e draft» հարթակում, որտեղ հնարավորություն կա առաջարկներ անելու, այնուհետև նախագիծը կբերվի ԱԺ, կանցկացվեն առանձին լսումներ, նախագիծը վերջնական չէ։

«Բոլոր բուհերը տարիներ շարունակ պահանջում էին բուհական ինքնավարության ավելացում՝ կրթական ծրագրերում՝ բովանդակային առումով, և հիմա սա կոմպետենտ է կրթական ինքնուրույնության ավելացմանը»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ ներկայիս իշխանությունը երբևէ չի հերքել հայ եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում:

«Հայաստանում որևէ իշխանություն չի էլ կարող նման հերքումներով հանդես գալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս