Վայոց ձորի մարզպետը փաստաբանի արտոնագրի կասեցման դիմում է ներկայացրել. Փաստաբանների պալատ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ դիմել է Փաստաբանների պալատ իր արտոնագրի կասեցման համար: 168.am-ի հետ զրույցում հայտնեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը: Դիմումը կքննարկվի Պալատի խորհրդի հաջորդ նիստում:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Վայոց ձորի նորանշանակ մարզպետը հայտնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել Երևան գալ և արտոնագրի կասեցման վերաբերյալ դիմում գրել, հավաստիացնելով, որ դիմումը կգրի նոյեմբերի 5-ին, ինչը և արել է:
Հիշեցնենք՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նշանակման օրը հայտնի դարձավ, որ նա իր նախորդի՝ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանն է եղել: Գրիգորյանը մեղադրվում է Վայոց ձորում ՊՆ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծեծելու համար: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան, ինչի հետևանքով սպան մինչ օրս կոմայի մեջ է: Չնայած այս ամենին, Արարատ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրել է՝ մարզում իր նշանակման հետ կապված խնդիրներ չեն եղել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ