««Վերնատան» գաղափարը, կարծում եմ, անհանգստացնում է իշխանություններին». ՀԽ անդամ Գագիկ Մանասյան

Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանի համոզմամբ՝ վերջին շրջանում Վազգեն Մանուկյանը հրապարակավ հայտնել է բազմաթիվ կարծիքներ, որոնք դուր չեն եկել իշխանության քիմքին, իսկ Մանուկյանի ստեղծած «Վերնատուն» ակումբը սկսել է անհանգստացնել իշխանություններին։

168.TV «Ռեվյու» հաղորդման եթերում, անդրադառնալով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջին, այս մասին ասաց Գագիկ Մանասյանը։

««Վերնատան» գաղափարը, կարծում եմ, անհանգստացնում է իշխանություններին, որովհետև այդ ակումբում հավաքված են մարդիկ, որոնք այս իշխանությանն ընդդիմադիր են»,- ասաց Մանասյանը։

Սահմանադրությամբ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի պարբերական հայտարարություններն ու դիրքորոշումը՝ Հանրային խորհրդի՝ անիմաստ կառույց լինելու վերաբերյալ, Գագիկ Մանասյանը համարեց տեղեկացված չլինելու հետևանք։

«Ես դա համարում եմ անտեղյակության և տգիտւթյան նշան։ Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, այն հասարակության մեջ հանրային հնչեղություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա և խորհուրդ տա։ ՀԽ-ն չունի համապատասխան գործիքներ՝ ինչ-ինչ քայլեր կասեցնելու համար, բայց անդրադարձել է շատ կարևոր հարցերի։ Օրինակ՝ տարիներ առաջ ՀԽ-ն բարձրացրեց պետական և ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրը՝ կապված Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի հետ, որի արդյունքում սկսվեց ապօրինի ջրհորների դեմ պայքարը: Նման կարևոր հարցեր ՀԽ-ում շատ են քննարկվել»,- ասաց Գագիկ Մանասյանը՝ շեշտելով, որ իր համոզմամբ՝ խնդիր է դրված Վազգեն Մանուկյանին այլ թեկնածուով փոխարինելու։

Հարցին, թե՝ շրջանառվում են լուրեր, որ ՀԽ նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին իշխանությունը ցանկանում է փոխարինել Ստյոպա Սաֆարյանով, Գագիկ Մանասյանը պատասխանեց.

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե նման բան լինի, այդ դեպքում ես հրաժարվելու եմ Հանրային խորհրդից և ինձ հետ միասին՝ դա կանեն շատ-շատերը»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու Զանգ» ներկայացմանն ու պետությունից ստացած ֆինանսավորման հարցին՝ շեշտելով.

«Ես այդ ներկայացումը չեմ նայել, չեմ կարող դրանից խոսել, բայց կխոսեմ մի երևույթի մասին, որի մեջ տեղավորվում է այդ ներկայացումը։ Հիմա կա նոր մշակույթ ստեղծելու ինչ-որ մարմաջ և չպատճառանված քաղաքականություն։ Մենք մեր ավանդական արժեքները դարձնում ենք ծիծաղելի, հեռանում ենք դրանից, բերում ենք այսպիսի արժեքներ։ Օրինակ՝ նոր Հայաստանում կազմակերպվեց «Ուրվական» անունը կրող փառատոն, որի համար հսկայական միջոցներ ծախսվեցին, բայց դա անհասկանալի մի բան էր, իմ գրագիտությունն ու փորձը չհերիքեցին հասկանալու՝ ինչ էր նշանակում դա»: Նա շեշտեց՝ երբ պետությունը ֆինանսավորում է այս կամ այն ներկայացումը, դա նշանակում է, որ պետությունն առաջնային է համարում և գնահատում է այդ ներկայացումը։

Գագիկ Մանասյանը, որը նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենն է, հիշեցրեց մի դեպք, որ Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակի միջոցառումների համար ԿԳՄՍ նախարարությունից 850 հազար դրամ հատկացնելու դիմում է գրել, բայց նախարարությունից մերժում է ստացել։

«Հիմա առաջնային էր մեր մեծագույն բանաստեղծներից մեկի 100-ամյակին նվիրված միջոցառմա՞ն, թե՞ սեռափոխվածի համար գումար տալը»,- հարց հնչեցրեց Գագիկ Մանասյանը։

Նա խոսեց նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ երևանյան բոլոր դպրոցներում անցկացվող «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի մասին՝ նշելով, որ այդ ծրագրին ուղղված պետական ֆինանսական աջակցությունը տարեցտարի պակասում է։

«Այդ պետական ծրագրի համար ամեն տարի պետական ֆինանսավորումը 2-3 միլիոնով պակասում է, մինչդեռ ծրագիրը պետք է ընդլայնեն և հասցնեն մարզեր»,- ասաց Գագիկ Մանասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս