
Ռոհանին գործընկերության առաջարկ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորին, որը նվիրված է համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իրանի նախագահը նամակ է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավորին, որը նվիրված է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը»,-նրա խոսքը մեջբերել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: Ինչպես նշել է Ռաբիիին, «ԱՄՆ-ի կողմից ճնշումը չպետք է բաժանի տարածաշրջանի հարեւաններին»: «Խաղաղության հասնելու համար մեզ հավաքական համագործակցություն է անհրաժեշտ»,-ասել է նա:
Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել տարածաշրջանի բոլոր տերությունների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան:
Սեպտեմբերի 23-ին Ռոհանին կոչ է արել Պարսից ծոցի բոլոր երկրներին՝ պաշտպանել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանը վերաբերող Իրանի նախաձեռնությունը: Սեպտեմբերի 25-ին նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ներկայացրել է «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն» նախագիծը: Նախագահի խոսքով՝ «կոալիցիան ստեղծվելու է ՄԱԿ-ի սկզբունքների ու խնդիրների հիման վրա՝ երկխոսության, մյուս երկրների ինքնիշխանության հարգման, միջազգային օրենսդրության ճանաչման, ագրեսիայից հրաժարվելու եւ մնացած պետությունների ներքին գործերին չմիջամտելու պայմանով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: