Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում 11 երկրի 4 հազար զինծառայողների մասնակցությամբ
Լիտվայում նոյեմբերի 4-ին սկսվել են Gelezinis Vilkas 2019 – II («Երկաթյա գայլ-2019-II») ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկրների մոտավորապես 4 հազար զինծառայողներ եւ ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա: Այդ մասին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը:
«Զորավարժությունների նպատակը, որոնցում գործի են դրված Լիտվայի ստորաբաժանումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների անձնակազմն ու տեխնիկան, այդ ուժերի ու միջոցների փոխգործակցության փորձարկումն է արդյունավետ պլանավորման եւ մարտական առաջադրանքների կատարման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Սկսված վարժանքն ընթացիկ տարում Լիտվայի համար խոշորագույն զորավարժությունների երկրորդ մասն է: Հունիսին կայացել են Gelezinis Vilkas 2019 – I զորավարժությունները, որոնցում գործի է դրվել համանման թվով անձնակազմ ու տեխնիկա: Զորավարժություններին, լիտվացի զինվորներից բացի, մասնակցում են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Էստոնիայի զինծառայողները: Նրանց մի մասը մտնում է Լիտվայում տեղավորված ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման հավաքական գումարտակի կազմի մեջ:
Վարժանքները տեղի են ունենում Պաբրադե քաղաքի շրջանում (Բելառուսի հետ սահմանի մոտ) Լիտվայի բանակի զորափորձարանում, ուր հոկտեմբերին ժամանել էր ԱՄՆ-ի զինված ուժերի գումարտակը, որի կազմում կա շուրջ 500 զինծառայող, 30 «Աբրամս» տանկ եւ հետեւակի «Բրեդլի» 25 մարտական մեքենա: Զորավարժությունների հիմնական մասը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: