
Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի նախագահ, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը կարևորել է փոխգործողության հուշագրի առկայությունը, որից բխող միջոցառումների ծրագիրը նոր է հաստատվել: Համագործակցությունը ծավալվելու է ազգային հաշիվների, տնային տնտեսությունների հետազոտությունների և մի շարք այլ ուղղություններով: Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ վիճակագրությունը առանձնահատուկ բնագավառներ ունի և, ըստ այդմ, անհրաժեշտություն կա խորացնել աշխատանքների մասնագիտացումն ու համապատասխան ծառայությունների միջև համագործակցությունը: